«Դեռ շատ կփոշմանես, պարոն Փաշինյան». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ իշխանությունների քաղաքականությունը գյուղատնտեսության հանդեպ այդպես էլ չի փոխվել՝ նախորդ տարիների սխալները շարունակում են կրկնվել:

«Գյուղացու անվան տակ գումարները ստանում և հարստանում են բանկերը, և այսօր բազմաթիվ գյուղացիներ ընկած են այդ վարկերի հետևից: Արարատյան հարթավայրի ֆերմերները պետք է վարկերը ստանան հունվար ամսին, բայց ստանալու պրոցեսը նոր է սկսվել, այսինքն՝ այս կառավարությունն ինքն իր համար է  աշխատում: Այսպես թե այնպես, գյուղացին պատրաստվում է գարնանացանի, քանի որ սովորել է՝ պետության հույսին պետք չէ մնալ: Պետությունն էլ հայտարարում է, թե՝ գյուղացու համար այս ենք անում, այն ենք անում. Խաբելով՝ երկիրը հո չե՞ք պահելու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հրաչ Բերբերյանը նշեց, որ նախորդ տարի բողոքներ են ստացել, թե հին սերմացու է վաճառվել գյուղացիներին. «Գյուղացիները ինչ ձեռք են բերում՝ պարտադիր պետք է պահանջեն փաստաթղթերը՝ ծագումնաբանական փաստաթղթերը, որակի սերտիֆիկատը, փաթեթավորման տեսքը՝ պիտակավորված է, թե ոչ, այսինքն՝ գյուղացին պետք է հետևողական լինի, որ իրեն չխաբեն: Խաբում են թունաքիմիկատների, դիզվառելիքի հարցում, ասենք՝ որակով դիզվառելիք չեն վաճառում գյուղացուն: Գյուղացին պետք է հետևի որակական հատկանիշներին և պահանջի համապատասխան փաստաթղթեր»:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը նրա սխալներից մեկն է. «Նա ասում է՝ նշանակել եմ, հերոսի կոչում եմ տվել, հետո փոշմանել եմ. դեռ շատ կփոշմանես, պարոն Փաշինյան: Ի սկզբանե կադրային քաղաքականությունը Փաշինյանի մոտ կաղում էր, և այսօրվա արդյունքները հենց իր կադրային սխալ քաղաքականության պատճառով են: Չի կարելի անձնական հարաբերություններով պաշտոններ շաղ տալ, մարդիկ պետք է գնահատվեն իրենց գիտելիքներով. այդ ժամանակ երկիրը կծաղկի»:

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Փառք Աստծո, որ այսպիսի վիճակ է, որ գյուղատնտեսական տարին այդպես լավատեսորեն ենք մուտք գործում, մանավանդ, որ Ջրային կոմիտեն երեկ մեզ զեկուցեց, որ այսօր ձյան շերտն այնպիսին է, որ մենք հույս ունենք, որ ջրային պաշարների մեծ խնդիրներ չենք ունենա»:

Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միայն տեղումներով է պայմանավորված ոռոգման ջրի խնդիրը, թե՞, առհասարակ, ոռոգման ցանցի բարելավման կարիք կա Հայաստանում:

«Այո, ունենք ձյան բավականին լավ շերտ, և եթե այսօր Ջրային կոմիտեն հայտարարի, որ պաշարներ չունի, ջրամբարները լիքը չեն, ուղղակի հարկավոր է այդ ղեկավարությանը տանել՝ գցել ջրամբարների մեջ: Ոռոգման համակարգը բարվոք վիճակում չէ, բայց ժողովրդի ասած՝ յոլա տանում է: Գյուղացին այլընտրանք չունի, ուզում ես, թե ոչ՝ պետք է դիմել ՋՕ-ին: Մենք ունենք մշակած ծրագիր՝ համակարգը մի տարում կարելի էր բարելավել, և գյուղացին 2-3 ոռոգման աղբյուր ունենա, թե ինչպես, դա մեր գաղտնիքն է, չենք ասի, ուզում են՝ կգրենք, կտանք կառավարությանը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս