
Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար առերևույթ հիմքեր կան. Վահագն Հովակիմյան

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը հակասահմանադրականության հիմքով ետ ուղարկելուն:
«Իմ քայլ»-ի պատգամավորը նշել է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունները կամայականորեն է իրացրել, ինչն անթույլատրելի են համարում:
«Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված»,- գրել է իշխանական պատգամավորը: