
Տաշքենդում հինգ ուսանող է մահացել՝ թունավորվելով անհայտ նյութով

Տաշքենդում երեք բուհերի հինգ ուսանողներ, որոնք միասին ապրել են մասնավոր տանը, մահացել են թունավորվելով անհայտ նյութից, փետրվարի 28-ին հաղորդել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մամուլի ծառայության տվյալներով՝ փետրվարի 27-ին, ժամը 20.50-ին (Երեւանի ժամանակով 19.50-ին) Տաշքենդի Յունուսաբադի շրջանի մասնավոր տներից մեկում հայտնաբերվել են Ուզբեկստանի մայրաքաղաքի երեք բուհերի այնտեղ բնակվող հինգ ուսանողների մարմինները:
«Դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն՝ ուսանողների մահվան պատճառ է դարձել անհայտ նյութով սուր թունավորումը»,-ասված է գլխավոր դատախազության Telegram-ալիքում:
Գերատեսչության տվյալներով՝ Տաշքենդի Յունուսաբադի շրջանի դատախազությունը ուսանողների մահվան փաստով քրեական գործ է հարուցել Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մի քանի մարդու մահվան» հոդվածով:
Քրեական գործի քննությունը վերցվել է գլխավոր դատախազության հսկողության տակ, հավելել են մամուլի ծառայությունում: