ՀՀ նախագահը կարող էր հետպատերազմյան Հայաստանում լուրջ դերակատարություն ստանձնել. Կոլերով

Ռուսաստանում ուշի ուշով հետևում են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, որոնք ծավալվում են Փաշինյանին ուղղված ՀՀ ԳՇ հրաժարականի պահանջից հետո:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փետրվարի 25-ին՝ ՀՀ ԳՇ հայտարարության օրը, հայտարարել էր, որ անհանգստությամբ են հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: «Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մտերիմ դաշնակցի ներքին գործը»,- ասել էր Պեսկովը:

Նույն օրը կայացել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Պուտինը հանդես էր եկել Հայաստանում կարգուկանոնի ու հանգստության պահպանման, ինչպես նաև իրավիճակն օրենքի շրջանակում կարգավորելու օգտին։ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Նախօրեին  ևս ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել էր ներքաղաքական զարգացումներին՝ ասելով, որ հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման վրա: «Ոչ, դեռ ամեն ինչ իրականացվում է»,- ասել էր Պեսկովը: Նա նշել էր, որ չնայած հայաստանյան իրադարձություններին՝ կարևոր է պահպանել ԼՂ հարցով պայմանավորվածությունները:

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբանները ևս հետևում են իրավիճակին և պնդում, որ ռուսական կողմը դիտորդի դերում է, պահպանում է չեզոքությունը, ինչպես նաև հանդես է գալիս կայունության և հանդարտության օգտին:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ  իրավիճակը մղվել է փակուղի, հասունացել է:

Նրա որակմամբ՝ Փաշինյանը չափազանց խոցելի ֆիգուր է, բայց տպավորություն է, որ չկա մի գործիչ, ով կարող է նրան հեռացնել, կամ չկա լուրջ քաղաքական կամք, մյուս կողմից՝ այս պահին երկու կողմն էլ ունեն քիչ աջակիցներ, և այդ պայմաններում լուրջ քաղաքական առճակատում չի ակնկալում կողմերի աջակիցների միջև: «Հասարակության մեծ մասին այդ առճակատումը չի հետաքրքրում, այդ հիմնական հատվածին երկու կողմն էլ տհաճ է, ուստի լուրջ  զանգվածային բախումների սպառնալիք չկա: Իմ տպավորությամբ՝ ընդդիմությունը հասել է իր բոլոր հնարավորությունների մաքսիմումին, և չեմ կարծում, որ  զինվորականների դիրքորոշումն էապես կօգնի ընդդիմությանը, քանի որ զինվորականները կարող են հայտարարություններ անել, պահանջել հրաժարական, բայց նրանք իրենցով հակահեղափոխության, հեղափոխության շարժիչ ուժ չեն, քանի որ իրենք՝ զինվորականները, քաղաքական նպատակներ չունեն, իշխանություն դառնալու նպատակ չունեն»,- ասաց Դուբնովը:

Նրա խոսքով՝ փակուղուց ելքեր կան, սակայն դրանք ներկայումս ինքը չի կանխատեսում: Դուբնովի որակմամբ՝ ներկայիս  իրավիճակում կարելի է նաև երկար ապրել, քանի որ որոշ մարդկանց համար իրավիճակը  փակուղային չէ, այսպես շատ երկրներ են ապրում, մինչև կողմերից մեկը մի ճակատագրական սխալ չանի, և մինչև ինչ-որ բան  հավասարակշռությունն էապես չփոխի: «Դեռ չեմ տեսնում նման տարբերակներ:

Հասարակության մեծամասնությունը դեպրեսիայի մեջ է, որը թույլ չի տալիս կողմերից մեկին որոշիչ կերպով աջակցել: Փակուղուց դուրս գալու մի քանի տարբերակներ կան՝ իշխանական կուսակցության ներսում էրոզիա, որը հնարավոր է, բայց դեռ չի սկսվել, զանգվածային փողոցային պայքար, որը դեռ չկա, զինվորականների դավադրություն, որը ևս  չկա: Արտաքին խաղացողները ևս իրենց որևէ կերպ չեն արտահայտում, չեն միջամտում: Ռուսաստանին չի վախեցնում որևէ զարգացում Հայաստանում»,- նշեց Դուբնովը:

Մեզ հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը նշեց, որ գլխավոր շտաբի նման կտրուկ որոշման պատճառը ոչ միայն Փաշինյանի հայտարարություններն էին ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի անարդյունավետության վերաբերյալ, որով վերջինս ստվեր գցեց ՀՀ ԶՈՒ-ի վրա, այլև այն, որ իշխանության հռչակած  բանակային բարեփոխումները լինելու էին բանակի դեմ: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը բարդ է:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ փակուղուց ելքեր չի տեսնում: Ըստ նրա՝ իրավիճակի ողբերգությունն այն է, որ Փաշինյանը դեռ ունի աջակիցներ ու ռեյտինգ: Կոլերովի որակմամբ՝ իշխանությունը կոնֆլիկտային է, ոչ ադեկվատ, պարտվել է, իսկ նրան փոխարինող այս պահին չկա: Մոդեստ Կոլերովն այն կարծիքին է, որ ՀՀ նախագահը փորձում է նստել երկու աթոռի վրա, այնինչ նա կարող էր ներքաղաքական գործընթացներում  և հատկապես հետպատերազմյան անկայուն Հայաստանում լուրջ դերակատարություն ստանձնել:

«Լինելով պետական դեմք և ունենալով որոշակի հեղինակություն՝ նա կարող էր պրոցեսներ գեներացնել և կայունացնել իրավիճակը: Սակայն նա՝ ինչպես պահանջեց Փաշինյանի հրաժարականը, այնպես էլ՝ շարունակեց ստորագրել նրա հրամանագրերը:

Ներկայումս սպասենք՝ տեսնենք՝ ստորագրո՞ւմ  է արդյոք Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը, թե՞ ոչ»,- նշեց Կոլերովը:

Ամփոփելով իր խոսքը՝ նա ցավով անդրադարձավ շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ իշխանության մասին ասելով, որ տաղանդ է պետք ունենալ բոլոր ոլորտներում նման տապալումներ թույլ տալու համար: «Արժանին է պետք մատուցել Սերժ Սարգսյանին, ով այդ ոլորտում ներդրում է ունեցել: Հիմա Արոնյանի ցավալի որոշումը կարող է մեծ հիասթափության և արտագաղթի հանգեցնել»,- ասաց Կոլերովը:

Տեսանյութեր

Լրահոս