«Ինչպե՞ս կարող են այդ ճանապարհը չբացել, բացելու են՝ ժամանակի հարց է. եթե թշնամին մեր քթի տակով գնում է այստեղ ու այնտեղ, մենք չե՞նք գնալու․ գնալո՛ւ ենք». Մարտակերտի շրջանի ղեկավար
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Ապրես Բեգլարյանը, այսօր գրել էր, որ արդեն երկու օր ադրբեջանական ֆուռերի շարասյունը Ակնայից (Աղդամ) Մարտակերտի միջով գնում է Քարվաճառ, ու այսօր Մարտակերտի բնակիչները կանգնեցրել են ու ասել՝ «որ էդպես ա, Քարվաճառի ճանապարհն էլ մեր համար բացեք, որ մենք էլ այդ ճանապարհով գնանք գանք Երևան։ Բայց ադրբեջանցիները չեն համաձայնվել, ու մերոնք էլ փակում են, չեն թողնում, որ սրանք այդ ճանապարհով գնան Քարվաճառ»։
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանն ասաց, որ նման բան չկա, մարտակերտցիները որևէ ճանապարհ չեն փակել, տեղեկատվությունը կեղծ է։
Հարցին՝ առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում այդ պահանջին, որ Քարվաճառի ճանապարհը պետք է հայկական կողմն օգտագործի, Հայկ Բախշիյանը պատասխանեց.
«Այսօր թող չլինի, վաղը լինի, թշնամին, որ գալիս է, մեր քթի տակով անցնում է, մենք էլ ենք գնալու այնտեղով անցնենք։ Ինչպե՞ս կարող են այդ ճանապարհը չբացել, բացելու են, ժամանակի հարց է։ Սա իմ կարծիքն է։ Եթե թշնամին գալիս ու մեր քթի տակով գնում է այստեղ ու այնտեղ, մենք չե՞նք գնալու՝ գնալու ենք»։
Անդրադառնալով Մարտակերտում ընդհանուր վիճակին, վարչակազմի ղեկավարն ասաց, որ մարդիկ վերադառնում ենք իրենց տներ։
«Բնակիչների վերադառնալու ընթացը նորմալ է, ուղղակի մնում է ժամանակի մեջ տեղավորվենք և բնակչությանը կացարանով ապահովենք, սա է մեր մեծ խնդիրը։ Զուտ կացարանների հարցն է, կան ընտանիքներ, որ ամուսիններն այստեղ են, երեխաները Հայաստանում են։ Չեմ ասում եմ, որ նրանք անվտանգության հարցերն են հաշվի առել, դրա համար չեն վերադարձել, չէ՝ սա չէ հարցը, ուղղակի կացարանի հարցերը որ լուծենք, նրանք էլ կգան։ Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում, երբ ավարտենք, բոլորն էլ կգան»,- շեշտեց Հ. Բախշիյանը։
Ըստ նրա, Մարտակերտի շրջանում ամբողջովին վերականգնվել է լույսը, գազը, ջրամատակարարումը, Ամանորին միայն 1-2 համայնք է եղել, որը լույս չի ունեցել, քանի որ չեն հասցրել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: