Մինսկի խմբից յուրաքանչյուր կողմ ցանկանում է լիովին այլ բան, ինչ մյուս կողմը․ Ֆելգենգաուեր

«Քիչ հավանական է, որ լուրջ հարցերի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ-ում հասնի արդյունքի, քանի որ ներկայումս, որքան հասկանում ենք՝ կարգավիճակի հարցի քննարկման շուրջ չկա կոնսենսուս»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջիկա աշխատանքի արդյունավետությանը։

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առցանց հանդիպումներ էին անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Նույն ժամանակահատվածում կայացավ ՀՀ ԱԳ նախարարի այցը ՌԴ իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ ունեցավ Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հեռախոսազրույցներ ունեցավ Փաշինյանի ու Էրդողանի հետ։

Ըստ Ֆելգենգաուերի՝ ակնհայտ է, որ մեկ ուղղությամբ աշխատանքն ակտիվ առաջ է ընթանում․ խոսքն ապաշրջափակման բանակցությունների մասին է, որը տեղի է ունենում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով, և այս կոնտակտները խոսում են այդ մասին։

Նրա դիտարկմամբ, բանակցող կողմերը հասկանում են, որ պետք է արագացնել, քանի որ իրավիճակը միանշանակ չէ բոլոր կողմերի համար, այդ պատճառով էլ ինտենսիվ բանակցությունները շարունակվում են։

«Արևմուտքը չի ցանկանում լիովին բաց թողնել Հարավային Կովկասը, իսկ դա կարող է անել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, բայց որքան ես եմ հասկանում՝ բոլոր հաղորդագրություններից, կրկին Մինսկի խմբից յուրաքանչյուր կողմ ցանկանում է լիովին տարբեր բան, ինչ մյուս կողմը, նույնիսկ մեծամասնության կարծիք գոյություն չունի։ Այսինքն՝ կրկին ոչինչ չի փոխվում այս խմբի գործունեությունում, և չեմ կարծում, թե Մինսկի խումբն առաջիկայում բեկում է իրականացնելու իր գործունեությունում։ Կարծում եմ՝ միշտ էլ որևէ կողմ դժգոհ է լինելու այս հարթակի գործունեությունից՝ հատկապես մի իրավիճակում, երբ կոնկրետ իրավիճակը ցույց տվեց, թե տարածաշրջանում որ երկրներն ունեն ազդեցություն և ինչպես կարող են լուծվել հարցերը։ Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչով պետք է զբաղվի կամ ինչու պետք է զբաղվի Մինսկի խումբը, երևի թե, որպեսզի հավելյալ լարվածություն չառաջանա ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, որոնք այս պահին բավականին լարված են, խոսքը հատկապես ՌԴ-ԵՄ հարաբերությունների մասին է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, քիչ հավանական է, որ լուրջ հարցերի քննարկումը հասնի արդյունքի, քանի որ ներկայումս, որքան հասկանում ենք, կարգավիճակի հարցի քննարկման շուրջ չկա կոնսենսուս։

«Մինսկի խումբը կարող է քննարկել, սակայն այդ հարցը լուծված է արդեն 5 տարով, իսկ դրանից հետո ընկած ժամանակաշրջանի համար կարող է քննարկվել, սակայն մինչ դա ամրապնդվում է մյուս ձևաչափը, և հարցերը լուծվում են նաև մյուս ձևաչափում։ Ուստի այս ձևաչափը պահպանելու համար լուրջ ջանքեր են հարկավոր։ Բացի այդ, ֆիքսենք, որ եթե Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը չցանկանան, ապա այդ ձևաչափը պարզապես չի կարողանա գործել, ուստի, եթե սկսում է գործել այս կողմերի համաձայնությամբ, պետք է բավարարի բոլորին, կամ էլ այդ խմբի գործունեությունը կմնա խնդրահարույց»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս