Ի՞նչ է կատարվում Վրաստանում, ի՞նչ ռազմական նոր բլոկ է նախաձեռնում Վաշինգտոնը, և կարո՞ղ է արդյոք Հայաստանը միանալ դրան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հրաժարական տվեց՝ փորձելով մեղմել երկրում հասունացած ներքաղաքական լարվածությունը և վերացնել հասարակության բևեռացվածությունը:

Ըստ վրացական աղբյուրների, Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց, քանի որ չկարողացավ թիմի հետ համաձայնության գալ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային կալանավորելու հարցի շուրջ:

Գախարիան ավելի մեղմ միջոցների կողմնակիցն էր՝ ի տարբերություն իր մի շարք կուսակիցների: «Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- ճեպազրույցի ժամանակ, որը ուղիղ հեռարձակվել է հեռուստատեսությամբ` ասել է Գեորգի Գախարիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երկրորդ անգամ ընդդիմադիր, «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր դաշնակից և կուսակից Մելիան ավելի վաղ հրաժարվել է վճարել գրավը, որը սահմանել էր դատարանը որպես խափանման միջոց։ Մելիան չէր վճարել գրավը, որից հետո Մելիայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Քաղաքական գործիչը մեղադրվում է Թբիլիսիում 2019 թվականի հունիսին բողոքի մարդաշատ ակցիաների ժամանակ բռնություններ և անկարգություններ հրահրելու ու առաջնորդելու մեջ: Մելիան ու նրա կուսակիցները հետապնդումը համարում են քաղաքական։

168.amՎրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ զրուցեց Վրաստանի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև Ուկրաինայի, Մոլդավայի և Վրաստանի մասնակցությամբ նոր ռազմական բլոկ ձևավորելու՝ Վաշինգտոնի նախաձեռնության մասին:

– Պարոն Վասաձե, Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին խոսում էին շատ ավելի վաղուց՝ նույնիսկ աշնանը կայացած ընտրությունների շրջանում, սակայն այն տեղի ունեցավ, փաստորեն, Մելիայի գործի շուրջ իշխանական տարաձայնությունների պատճառով: Կխնդրեմ մանրամասնեք՝ ինչո՞ւ այսքան լարվեց ներքաղաքական կյանքը:

– Իրականում այն բանից հետո, ինչ Բիձինա Իվանիշվիլին հանրային կերպով լքեց քաղաքականությունը, իշխող կուսակցության ներսում պայքար սկսվեց իշխանության համար, ինչը բավականին լուրջ բնույթ է կրում, քանի որ տարբեր խմբավորումներ կան:

Որքան էլ որ պարադոքսալ թվա, այդ խմբավորումների շարքում ներկայիս վարչապետի կողմնակիցների խումբն ամենաթույլը դուրս եկավ:

Բայց իրականում պարադոքսալ չէ, քանի որ Իվանիշվիլին մշտապես վարչապետ էր ընտրում ամենաթույլ ֆիգուրին, որպեսզի նրան կարողանա հեշտությամբ վերահսկել: Ներկայումս իրավիճակը փոխվում է, Մելիայի գործը՝ նա պետք է վճարի գրավը երկրորդ անգամ, մեկ անգամ արդեն վճարել է 300.000 լարի և ոչինչ չի խախտել և երկրորդ անգամ պետք է վճարի, գործ է, որը ընդդիմության դեմ չէ, այլ ավելի շատ Երազանքի շարքում մրցակցությունն է բացահայտում և վեր հանում:

Մելիայի ձերբակալությունը բացառում էր ամբողջությամբ ընդդիմության մուտքը խորհրդարան, դրանից հետո այդ մասին հարկ չէր լինի խոսել, և երկրորդ՝ հասկանալի էր, որ որպես քաղաքական գործիչ՝ Նիկա Մելիան դրան չէր ենթարկվի, հասկանալի էր, որ հնարավոր էր ուժային տարբերակը, և այդ պարագայում Գախարիան կլիներ քավության նոխազ: Գախարիան դա չէր ցանկանում, նա ուներ արդեն բացասական փորձ, այդ պատճառով նա հրաժարական տվեց: Բաց է մնում հարցը՝ արդյո՞ք նա կշարունակի քաղաքական գործունեությունը, կան խոսակցություններ, որ Իվանիշվիլին է ցանկանում, որպեսզի նա իր այլընտրանքային կուսակցությունը ստեղծի: Բայց դրանք միայն խոսակցություններ են: Գախարիան ներկայումս խնդրահարույց է՝ ինչպես ընդդիմության, այնպես էլ՝ իշխանության համար: Ես խիստ կասկածում եմ, որ նա լուրջ քաղաքական ապագա կունենա:

– Այնուամենայնիվ այս քայլով Գախարիային հաջողվե՞ց մեղմել լարվածությունը և հասարակության շրջանում խորացող բևեռացումը:

– Մեկ արդյունք կա՝ շտուրմ Մելիայի ուղղությամբ տեղի չունեցավ, Մելիայի ձերբակալումը հետաձգվել է, բայց համակարգային կերպով, բնականաբար, վերոնշյալ խնդիրները չեն լուծվել:

– Վարչապետի ի՞նչ թեկնածուներ են քննարկվում:

– Իշխանական կուսակցության շրջանում ներկայումս պայքար է գնում, թե ով կդառնա վարչապետ: Մի քանի խմբավորումներ կան: Թեկնածուների շարքում առաջին հերթին Իրակլի Կոբախիձեն է, որը «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է: Նույնիսկ տեղեկություն կա, որ քաղխորհրդի վերջին նիստի ընթացքում, որին արդեն Գախարիան չի մասնակցել, քանի որ նրա հեռանալու խաղը գնում էր ավելի վաղուց, ասվել է, որ բոլոր երկրներում կուսակցության ղեկավարներն էլ հենց վարչապետներ են, բայց մեզ մոտ, չգիտես ինչու, այդպես չէ: Կոբախիձեն ինքնին ուժեղ քաղաքական գործիչ չէ, սակայն նրա շուրջ բավականին լուրջ թիմ է հավաքված՝ կազմված լուրջ երիտասարդ մասնագետներից, որոնց Իվանիշվիլին է քաղաքականություն բերել 2016 թվականին:

Մյուս թեկնածուն Թեա Ծուլուկիանին է, կրկին ոչ պաշտոնական տեղեկություններով, նրան աջակցում են ուժային կառույցները: Ամենատրամաբանական թեկնածուն առաջին փոխվարչապետ Մայա Ցկիտշվիլին է, ով լավ կառավարիչ է, բայց քաղաքական կշիռ չունի, սակայն նրա նշանակումը կհավասարակշռեր բոլոր խմբավորումների միջև ընթացող պայքարը: Քննարկվում է նաև Կախա Կալաձեի թեկնածությունը, բայց ես կարծում եմ՝ դա քիչ հավանական է:

– Հիմնական պայքարը ո՞ր թեկնածուների միջև կընթանա, և ո՞ւմ դիրքերն են ավելի ամուր:

– Գլխավոր ընտրությունը գնալու է Կոբախիձեի և Ծուլուկիանիի միջև: Բայց բոլոր կանխատեսումները պայմանական են, քանի որ չգիտենք՝ ինչ կլինի մեկ ժամ անց: Վաղը գուցե պարզ լինի, քանի որ նախատեսվում է կուսակցության քաղխորհրդի նիստ: Կարծում եմ՝ շատ բան է հնարավոր և անհնար, կանխատեսումները պայմանական են, տեսնենք՝ ինչ կլինի:

– Պարոն Վասաձե, վերջին շրջանում խոսվում է Վաշինգտոնի՝ նոր ռազմական բլոկ ձևավորելու նախաձեռնության մասին, որին մասնակցելու են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդավան, ինչպես մի շարք փորձագետներ են նշում, երրորդ լիգայի երկրներ, որոնց ներգրավելու ոչ ստանդարտ լուծումներ է առաջարկում Վաշինգտոնը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հեռանկար ունի այս նախաձեռնությունը, և որքանո՞վ է գրավիչ Վրաստանի համար, որը սպասում է ՆԱՏՕ անդամակցության:

– Որպեսզի նման բլոկ հիմնադրվի, հարկավոր է ոչ միայն նախաձեռնություն, այլ լուրջ աջակցություն Վաշինգտոնի կողմից: Կարծում եմ՝ ներկայիս պայմաններում դա քիչ հավանական է, որպես արդյունավետ գործիք, թեև որպես գաղափար՝ այն պետք է քննարկվի, հետաքրքիր է, և այլն, բայց կարծում եմ՝ դա հեռավոր ապագայի հարց է: Դա չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ին կարող է փոխարինել միայն ոչ բլոկային գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, բայց սա այլ հարց է և այլ նպատակ է հետապնդում՝ ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի Սևծովյան ավազանի անվտանգության հետ:

Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վերահսկում է Ղրիմը, և այն, որ ԱՄՆ-ը խնդիրներ ունի նաև Թուրքիայի հետ, թեև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ամերիկացիներն անհանգստանում են և մտածում՝ ինչ առաջարկել, ինչպես լուծել խնդիրը, բայց դեռ կտեսնենք, թե ինչպես կաշխատի նոր նախագահի աշխատակազմը, և ինչպես այս նախաձեռնությունը միս ու արյուն կստանա:

– Հատկապես պատերազմից հետո Հայաստանում խոսում են արևմտյան բանակ ձևավորելու մասին, որի համագործակցությունն ամբողջությամբ արևմտյան կլինի, սա, իհարկե, դուրս է գալիս առավելապես արևմտամետ ուժերից: Ըստ Ձեզ՝ ապագայում հնարավո՞ր է, որպեսզի Հայաստանը ևս նման պրոյեկտի իրագործման դեպքում միանա սրան:

– Հատկապես այս փուլում դա քիչ հավանական եմ համարում: Դա հնարավոր է, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից: Ներկայումս ՀՀ-ում կա ռուսական բազա, խաղաղապահներ՝ Ղարաբաղում, տնտեսությունը կախված է Ռուսաստանից, հատկապես ռազմական արևմտյան նման մասնակցությունը քիչ հավանական եմ համարում տեսանելի ապագայում:

 

Տեսանյութեր

Լրահոս