«Հենց այնպես չեմ ասում, որ Խնձորեսկը պետք է լինի սահմանամերձ, այն ունի գրեթե 15 կմ սահման». Ներքին Խնձորեսկի գյուղապետ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փետրվարի 15-ին հրապարակեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 40 բնակավայրերի անուններ, որոնք կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14.000 բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
Բնակավայրերի ցանկը հրապարակելուց հետո Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Խնձորեսկ գյուղը չեն ներառել այդ ցանկում, քանի որ Կառավարությունը որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։
«Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում»,- նշել էր Ե. Մալունցը:
168.am-ի հետ զրույցում Երվանդ Մալունցն ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչու Խնձորեսկը չի ներառվել սահմանամերձ բնակավայրերի ցանկում։
«Այս հարցի մասին բոլորը տեղյակ են, հուսամ, դա բացթողում է, և շուտով Խնձորեսկը նորից կլինի սահմանամերձ։ 1990-ականներին Խնձորեսկը եղել է սահմանամերձ, հիմա երբ ներառված չէ ցանկում, համարում եմ, որ դա բացթողում է։ Ես հենց այնպես չեմ ասում, որ Խնձորեսկը պետք է լինի սահմանամերձ, այն ունի գրեթե 15 կմ սահման»,- նշեց Երվան Մալունցը։
Հարցին՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրանք համայնքների այն ղեկավարներն են, որոնք նախ պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և իշխանության գործունեությունը քննադատել են, մտավախություններ չունի՞, որ իր դեմ ևս քրեական գործ կհարուցվի, Երվանդ Մալունցը պատասխանեց. «Ես երբևէ մտավախություն չեմ ունեցել, նման զգայարան չկա էլ»։
Ինչ վերաբերում է Ներքին Խնձորեսկում տիրող իրավիճակին, ապա գյուղապետի խոսքով՝ իրավիճակը նորմալ է։
Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում բնակիչներին զենք տրամադրելուն, Երվանդ Մալունցն ասաց, որ սահմանամերձ համայնքներում բնակիչներն իրենց զենքը պետք է ունենան՝ լինի որսորդական թե մարտական։