ՀՀԿ-ն կարող էր ու չառաջադրե՞ց Կարեն Կարապետյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու մասից բաղկացած հարցազրույցը, որում նա խոսեց Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային պրոցեսի, վերջին պատերազմի ու խայտառակ կապիտուլյացիայի ու դրա պատճառների մասին, շարունակում է ամենաքննարկվածը լինել ՀՀ հասարակական, քաղաքական և մեդիա շրջանակների մոտ:

Հարցազրույցի առաջին մասում Սերժ Սարգսյանը ոչ մեծ ծավալով, իհարկե, բայց անդրադարձավ 2018թ. իշխանափոխության ընթացքին, պատասխանեց շրջանառվող այն տեսակետին, թե ինքն իշխանությունը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին: Երրորդ նախագահի պատասխանը կտրուկ էր՝ ես իշխանությունը փոխանցել եմ Կարեն Կարապետյանին:

««Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրն ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք»,- իր հրաժարականի մասին ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ խոսք չի եղել իշխանությունը նրանց փոխանցելու մասին, այլ զուտ իր հրաժարականի մասին:

2018թ. ապրիլի 23-ի իրադարձություններն այսպես էր ներկայացրել Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի այս դրվագի վերապատմումից հետո իշխանական և մերձիշխանական շրջանակները սկսեցին շրջանառել այն թեզը, որ եթե Սերժ Սարգսյանի ասածն իրականություն է, այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ իշխող քաղաքական ուժը, Կարեն Կարապետյանին չառաջադրեց որպես վարչապետի թեկնածու ու չընտրեց նրան:

Թեման այսօր զարգացրեց նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«2018 թվականի մայիսի 1-ին խորհրդարանում իրավունք կար առաջադրելու վարչապետի թեկնածուի, «Ելք» խմբակցությունն  առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն չի առաջադրում Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Մեկ շաբաթ անց ՀՀԿ-ն թեկնածու կրկին չի առաջադրում, և ստորագրություններով վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա, եթե վարչապետ պետք է ընտրվեր Կարեն Կարապետյանը, նա պետք է առաջադրվեր ու ընտրվեր։ Վստահ եմ, որ ՀՀԿ-ն կարող էր առաջադրել, բայց դե, ներքին խոհանոց է, գուցե Կարեն Կարապետյանը չի ցանկացել առաջադրվել»,- ասաց ԼՀԿ առաջնորդը։

Տրամաբանական դիտարկում է, թերևս, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի պատմածի ֆոնին չհիշեինք շուրջ երեք տարի առաջվա իրադարձությունները:

Սերժ Սարգսյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին ասել է, որ նախագահականում Վեհափառ հայրապետի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո նա կարող է գնալ մեկուսարան և նրանց (Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան…,- Գ.Ս.) հայտնել, որ ինքն այդ օրը հրաժարական է տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։

Ըստ ամենայնի՝ այն օրերին Կարեն Կարապետյանը հենց այդպես էլ անում է, բայց լիցքաթափվո՞ւմ է արդյոք իրավիճակը: Իհարկե, ոչ:

Վերադառնանք այդ օրերի ժամանակագրությանը: Կարեն Կարապետյանի մեկուսարան գնալուց ու Սերժ Սարգսյանի մտադրությունները փոխանցելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ ձերբակալված մյուս համախոհները դուրս են գալիս մեկուսարանից, գալիս Հանրապետության հրապարակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ Հայաստանի վարչապետն ինքը կլինի, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:

«Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության: Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի լինի»,- ասել էր Ն. Փաշինյանը:

Ի դեպ, հենց այդ հանրահավաքի ժամանակ էլ ինքն իրեն ժողովրդին մարմնավորող անձ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու մայիսի 1-ին:

«Մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում, որովհետև մեր քայլի, արշավի հաջոդ փուլը մայիսի 1-ն է, և մայիսի 1-ին ՀՀ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»,- ասել էր նա:

Եվս մեկ օրինակ բերենք Նիկոլ Փաշինյանի ելույթից:

«Ուզում եմ հստակ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ կարվի Հանրապետական որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը: Ես այս պահից Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք: Ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել կասկածի տակ դնել այս փաստը: Ով կասկածի տակ դնի, վերջում հրապարակային կխոստովանի իր սխալ լինելը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը»,- հայտարարել էր նա:

Նմա՞ն է այս արտահայտությունն իրավիճակի լիցքաթափման, թե՞ իր այս դիրքորոշմամբ Նիկոլ Փաշինյանը, առավել գեներացնելով ատելության մթնոլորտն ու իր հետևորդների առավելապաշտական նկրտումները՝ իր անձի հետ կապված,  բացառեց կոմպրոմիսային ու այլընտրանքային բոլոր ճանապարհները:

Ինչպե՞ս էր հնարավոր սրանից հետո թեկնածու առաջադրել ու քվեարկել նրա օգտին, ո՞վ էր կրելու հետագա բոլոր գործողությունների, անհնազանդության կազմակերպված ընդվզումների զարգացումների պատասխանատվությունը: Կարո՞ղ էր որևէ մեկն այդ օրերին բացառել, որ հնարավոր էր այդ պարագայում, նման իրավիճակում և ատելության նման մթնոլորտում խուսափել արյունահեղությունից:

Էդմոն Մարուքյանը գոնե պիտի որ լավ հիշի՝ ինչ էր կատարվում այդ օրերին:

Իշխանությունները,  նրանց սպասարկուները, այդ օրերին իրենք իրենց ընդդիմադիր համարող ուժերը և անհատներ հավանաբար մոռացել են, որ անցնելով էթիկայի բոլոր սահմանները ու գռեհկության ու ցինիզմի բացառիկ օրինակ ցուցաբերելով, փորձում էին կանխել Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալը:

Եվ նույնիսկ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, գործի դնելով իր դերասանական ողջ տաղանդը, հանրային տրանսպորտում կնոջ հետ միասին լծվել էր հակակարենկարապետյանական արշավին:

Մայիսի 1-ին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց: Բաղձալի աթոռին նա հասավ մայիսի 8-ին:

Իսկ հիշեք, թե ինչ էր կատարվում մայիսի 8-ին Երևան քաղաքում, երբ ինչ-որ դերասանի կոչով մի ողջ սպիտակազգեստ հրապարակ հետևում էր Ազգային ժողովի նիստին, բաղձանքով սպասում իրենց թեկնածուի ընտրվելուն, և երբ ընդդիմախոսներն էին ելույթ ունենում, մեջքով էին կանգնում միահամուռ կերպով ու սուլում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այդ օրերին 3 տարբերակ ուներ՝  կամ պիտի թեկնածու առաջադրեր, կամ ձայներ չապահովեր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու համար, կամ պիտի ուժ կիրառեր:

ՀՀԿ-ն ընտրեց առաջին տարբերակը՝ դրանով իսկ խուսափելով Ապրիլի 24-ի նախընթաց օրն արյուն թափելու տխուր հեռանկարից: Իսկ Փաշինյանի թիմի և նրանց ասպարեզ բերող աշխարհաքաղաքական շրջանակների հաշվարկը հենց Հայոց մեծ եղեռնի օրն էր:

Տեսանյութեր

Լրահոս