Ցանկալի կլինի, որ Հայաստանը նաև որևէ ձևաչափում ներգրավվի ռուս-իրանական համագործակցության մեջ. Իրանագետ

Այսօր Հնդկական օվկիանոսի հյուսիսում մեկնարկել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին Tass-ին հայտնել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը: Նկատենք, որ թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը վերջին շրջանում մի քանի խոշոր զորավարժություններ են իրականացրել:

168.amիրանագետ Գարիկ Միսակյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյոք սա կարելի՞ է համարել Իրանի և Ռուսաստանի կողմից ուժերի ցուցադրություն՝ հաշվի առնելով հունվար-փետրվար ամիսներին տարածաշրջանային մեկ այլ քաղաքական դերակատարի՝ Թուրքիայի կողմից իրականացվող ակտիվ զորավարժությունները Ադրբեջանի և Պակիստանի հետ: Ի պատասխան՝ նա նշեց.

«Ընդհանուր առմամբ, եթե նայենք տարածաշրջանում հատկապես Արցախյան պատերազմին հաջորդած իրավիճակին, բոլոր պետությունները, կարելի է ասել, սեփական անվտանգային խնդիրները լուծելուն միտված՝ կատարում են զորավարժություններ, որոնք կարելի է համարել նաև ուժի ցուցադրություն: Եթե հիշենք, Իրանը մինչ այդ մի քանի զորավարժություններ արեց՝ և՛ ՀՕՊ համակարգերի փորձարկում, և՛ Պարսից ծոցում»:

Իրանագետի հավաստմամբ՝ դրանք նախ միտված էին արտաքին լսարանին՝ ցույց տալու համար Իրանի ռազմական ուժը, նաև կանխարգելելու համար ցանկացած ռազմական ոտնձգություն Իրանի հանդեպ, ապա նաև՝ Իրանի ներքին լսարանին, որպեսզի վստահություն առաջանա նաև, որ Իրանը ցանկացած պարագայում ունակ է լուծելու սեփական անվտանգային խնդիրները:

Գարիկ Միսակյանը ռուս-իրանական զորավարժությունները պայմանավորեց Ռուսաստանի և Իրանի բազմակողմանի համագործակցությամբ. «Հիշենք, որ Զարիֆի այցելության ընթացքում ստորագրվեց անվտանգային ոլորտում համագործակցության փաստաթուղթ, նաև ռազմական համագործակցության տեսլականների մասին: Այսինքն՝ եթե այս բոլորը հաշվի առնենք և նաև հաշվի առնենք ԵԱՏՄ ինտեգրման առումով Իրանի ցանկությունները, ապա ռուս-իրանական բազմակողմանի համագործակցություն է նախանշվում, որի կողմերից մեկն է նաև այս ռազմական համագործակցությունը»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք՝ Հայաստանը ևս ինչ-որ ձևաչափով դառնա անվտանգային կամ ռազմական որևէ պլատֆորմի մաս գործընկեր Իրանի և Ռուսաստանի հետ, իրանագետը պատասխանեց.

«Ընդհանրապես, հաշվի առնելով իրավիճակը և՛ տարածաշրջանում, և՛ այն, ինչ տեսանք Արցախյան պատերազմի ժամանակ, ապա ցանկալի կլինի, որ Հայաստանը նաև որևէ ձևաչափում ներգրավվի ռուս-իրանական համագործակցության մեջ: Եթե նաև նկատի ունենանք այն հանգամանքը, որ Զարիֆի այցելության ժամանակ Հայաստանում եղավ, այսպես ասած, առաջարկ, նաև անհանգստություն՝ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության առնչությամբ: Այսինքն՝ Հայաստանը կարող է և՛ տարածաշրջանում հակաահաբեկչական պայքարի մակարդակում համագործակցել Իրանի և Ռուսաստանի հետ, և՛ նախաձեռնել որևէ տարածաշրջանային համագործակցություն Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, ինչը կարող է բավականին մեծ հավասարակշռող հանգամանք հանդիսանալ նույն թուրք-ադրբեջանական լայնածավալ համագործակցությանը և որոշակիորեն լուծել ՀՀ Սյունիքի մարզի հետ կապված անվտանգային որոշ խնդիրներ»:

Իրանագետին խնդրեցինք անդրադառնալ վերջին երեք տարիներին Հայաստան-Իրան փոխգործակցությանը, գնահատել այդ հարաբերությունները. նա մի քանի նկատառումներ արեց.

«Ընդհանուր առմամբ, եթե գնահատելու լինենք հայ-իրանական համագործակցությունը, ապա որոշակի սառեցման փուլով կարելի է գնահատել: Նախ՝ հիշենք այդ հարաբերությունների հետ կապված խնդիրները՝ նույն Իսրայելում Հայաստանի դեսպանության բացման հետ կապված, որը այդպես էլ չընկալվեց, թե ինչի համար էր, եթե հաշվի առենք, որ Իսրայելը բացահայտ աջակցեց Ադրբեջանին պատերազմի ժամանակ:

Հայ-իրանական հարաբերություններում գրեթե առաջընթաց չնկատվեց՝ նույն Ազատ տնտեսական գոտին մնաց փակված՝ ինչ-որ դատական խնդիրների հետ կապված:

Կարելի է ասել, պատերազմից հետո Հայաստանը եկավ այն եզրակացության, որ պետք է խորացնել Իրանի հետ հարաբերությունները: Մինչպատերազմական փուլում է՛լ ավելի էր անհրաժեշտ խորացնել դրանք, քանի որ տեսանք, թե ինչ կարևորություն ուներ Իրանը մեզ համար: Սպասենք այս տնտեսական համագործակցության արդյունքներին, որը նախաձեռնվել է»:

Գարիկ Միսակյանը շեշտեց՝ Իրանի հետ ցանկացած ոլորտում հարաբերությունների զարգացումն անհրաժեշտություն է:

Տեսանյութեր

Լրահոս