«Փորձում ենք ցույց տալ, որ ֆանտաստիկայի ժանրից չէ՝ ֆիլմ վաճառել Netflix-ին». Ռաֆայել Թադևոսյան

Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ին հետաքրքրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասից բաղկացած ֆիլմի գաղափարը: Ընկերությանը պետք է ուղարկվի առաջին սերիան, որը հավանելու դեպքում կորոշվի համագործակցության ձևաչափը:

«Մեր դրսի գործընկերն ունի գործընկերներ Netflix-ում, և ամենօրյա շփման մեջ է: Մենք իրենց ուղարկեցինք գաղափարը՝ 25 էջով գրված, ներկայացվեց, և շատ ոգևորվածություն կար իրենց կողմից՝ տեսնելու, թե ինչպես կստացվի առաջին սերիան, հիմա մենք սկսում ենք դա իրականացնել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը՝ ընդգծելով, որ նկարահանելու են տեխնոկոմեդիա:

Ֆիլմի բուն նկարահանումները դեռ չեն սկսվել, բայց մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները. «Սպասում ենք Netflix-ի կողմից առաջին սերիայի հաստատմանը: 4 ընկերների մասին է, ովքեր մտածել են գաղափար՝ մարդու թվային կրկնօրինակը ստանալու հետ կապված, այդ մարդու, որն արդեն մեզ հետ չէ, և այդտեղ մեզ հնարավորություն է բացվում շատ սեզոններ ունենալու, որովհետև գաղափարն այնպիսին է, որ շատ զարգանալու տեղ կա»:

Նա նշեց՝ մոտ 10 հայկական IT ընկերության տեսնում են, որ կարող են ներկայացվել ֆիլմում. «Հիմա այն փուլում ենք, որ փորձում ենք հասկանալ՝ ում պրոդուկտը ոնց կարող ենք ներառել ֆիլմում»:

Ինչ վերաբերում է դերասանական կազմին, պրոդյուսերը նշեց, որ դեռ քասթինգի փուլում են. «Երեկ խոսում էինք ամերիկյան մի պրոդյուսերական կենտրոնի հետ, որովհետև արդեն հասկանում ենք, որ բյուջեն կների դրսից ինչ-որ տարբերակով հայտնի մարդ հրավիրելու համար, որը պետք է գա և մեր ֆիլմում խաղա իր կտորը: Պրոդուկտն առաջինը պետք է դրսում գնահատվի, դրա համար կարևոր չէ՝ հայ դերասանները հայտնի՞ են, թե՞ ոչ»:

Եթե Netflix-ի կողմից լինի վերջնական համաձայնություն, ապա մի քանի ձևաչափով կարող է մասնակցել նախագծի իրականացմանը: «Netflix-ը կարող է գնել ամբողջ իրավունքները, կարող է մասնակի ֆինանսավորել, կարող է պարզապես հեռարձակել: Դա նաև կախված է նրանից, թե առաջին սերիայից հետո ինչքան նոր ուժ կներգրավենք մեր սերիալի մեջ: Առաջինը նկարահանում ենք՝ ցույց տալու համար, թե ինչ կարելի է ստանալ, դրանից հետո նոր կսկսվի իրական աշխատանքը՝ ավելի լավ թոփ դեմքեր ներգրավելու, ավելի շատ ֆինանսավորում բերելու, և այդ ժամանակ կարող է լավ իմաստով այնպիսի բան ստանանք, որը նույնիսկ մենք հիմա չենք ակնկալում»,- ասաց պրոդյուսերը:

Ռաֆայել Թադևոսյանը նկատեց՝ նախորդ տարի, կորոնավիրուսով պայմանավորված՝ հեռարձակող հարթակները աճ գրանցեցին, և հիմա նրանց մեջ պատերազմ է գնում, թե ով կտա ավելի շատ և ավելի լավ կոնտենտ.

«Հիմա ֆիլմեր դուրս չեն գալիս, ու ոնց հասկանում ենք՝ էլի հետաձգվելու են բլոկբաստերները, ահավոր մեծ պատերազմ է գնում. hեռարձակող հարթակներն աճում են՝ նույն Netflix-ը, Hulu-ն, HBO Max-ը, Disney plus-ը, դրա համար հիմա հնարավոր է շատ հեշտ իրենց գրավել՝ ցանկացած երկրից նորմալ պրոդուկտով: Իրենք ցանկանում են ունենալ արտադրություն, որը չլինի շատ թանկ, բայց իրենց համապատասխանող որակի: Հայաստանը լրիվ համատապատասխանում է՝ և՛ մարդկանց դեմքով, և՛ կադրերով, և՛ որակով: Հետևաբար՝ պետք է անել առաջին քայլը, մենք հիմա փորձում ենք դա անել, փորձում ենք ցույց տալ, որ ֆանտաստիկայի ժանրից չէ՝ ֆիլմ վաճառել դրսի մեծ հեռարձակող հարթակին, օրինակ՝ Netflix-ին: Եթե ընդհանուր գաղափարի շուրջ հավաքում ես մարդկանց, հավաքում ես գումար, եթե այդ գումարը քեզ թույլ է տալիս ստանալ լավ պրոդուկտ, ապա կարող ես այստեղ արտադրել լավ պրոդուկտ դրսի համար՝ Netflix-ի համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս