Բաժիններ՝

Այզեկն ու նրա ընկերները` մաքսանենգների գլխավոր խոչընդոտ

Գեղեցկադեմ Այզեկը, որը վարժեցված է թմրանյութեր, հոգեմետ դեղեր հայտնաբերելու համար, Երևանում գտնվող ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներից է: Համապատասխան վերապատրաստման փուլերն անցնելուց հետո նոր է ծառայության անցել, սակայն արդեն ունի իր առաջին բացահայտումը: Այզեկն աչքի է ընկել «Ապավեն» մաքսային տերմինալում հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման գործի բացահայտմամբ: Նրա պրոֆեսիոնալիզմին ականատես եղանք շնագիտական կենտրոնում նկարահանման ժամանակ: Ճամպրուկները պատրաստ են, հրահանգը տրված է, Այզեկն անցնում է գործի՝ գտնելու թմրանյութերն ու հոգեմետ դեղերը: Նույնիսկ մի քանի անգամ անհրաժեշտ ճամպրուկի տեղերը փոխելուց հետո, միևնույն է Այզեկը գտնում էր այն՝ հաշված վայրկյանների ընթացքում: Գտնելուց հետո հպարտ դեմքով հրահանգչից սպասում է պարգևատրմանը: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Հարությունյանը, որն աշխատում է հենց Այզեկի հետ, նշեց, որ պարգևատրումն իրենց դեպքում խաղն է: Այզեկը պաշտում է խաղալը, իսկ խաղը պետք է անցնի բարձր տրամադրությամբ:

«Այզեկը 1 տարեկան 8 ամսական է, նոր է ծառայության մեջ, բայց արդեն ունի իր առաջին բացահայտումը: Մեծ սիրով ու հաճույքով եմ աշխատում նրա հետ: Շատ լավ հիշում եմ իմ ու նրա առաջին հանդիպումը: Հետաքրքրիր էր ու տպավորիչ, ու, կարծես, միանգամից մեկս մյուսին ընտրեցինք: Նա իմ առաջին ծառայողական շունն է: Ամեն ինչ անում եմ, որ իրեն լավ զգա, ի վերջո, իր լավ լինելուց է կախված մեր աշխատանքի արդյունավետությունը: Նրա հետ նախընտրում եմ աշխատել խաղային մեթոդով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալբերտ Հարությունյանը: Շների հետ աշխատելը յուրահատուկ մոտեցում է պահանջում, սակայն գլխավորը սերն է ու ուշադրությունը: Ալբերտ Հարությունյանը նկատեց, որ Այզեկը նույնիսկ խանդոտ է, չի հանդուրժում երբ, իր հրահանգիչն այլ շան է սիրում:

Թմրանյութեր, հոգեմետ դեղեր հայտնաբերելու գործում Այզեկը միայնակ չէ: Շնագիտական կենտրոնն առանձնանում է բազմաթիվ ծառայողական շներով, որոնք ոչ միայն աշխատանքի մեջ են աչքի ընկնում, այլև միջազգային մրցույթներին մասնակցելով: Կենտրոնի միջանցքի պատերից մեկը զարդարված է կենտրոնի ծառայողական շների պարգևներով: Այզեկը, Ալման, Դիզելը, Պալման, Լառան և մյուսներն ամեն օր շնագիտական կենտրոնում աշխատում են հրահանգիչների հետ՝ բարձրացնելու ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Շնագիտական կենտրոնի առօրյան բավական հագեցած է: Օրը սկսվում է բուժզննմամբ: Մաքսային տեսուչ, բժիշկ Նինա Գալուստյանն ամեն օր ծառայողական շների առաջին այցելուներից է:

«Շների ռեակցիայից, ողջունելուց արդեն իսկ զգում եմ գանգատներ ունեն, թե չէ: Բնականաբար նաև համապատասխան բուժզննում է անցկացվում, եթե խնդիրներ են լինում, ապա միջամտում ենք: Օրինակ, պարապմունքների ժամանակ կարող են թաթիկները վնասել: Ամենակարևորը պրոֆիլակտիկ աշխատանքներն են, որպեսզի զերծ մնանք ինֆեկցիոն հիվանդություններից: Հատուկ համակարգով ենք աշխատում, որ ոչ մի ինֆեկցիոն հիվանդություն տարածքում չտարածվի»,-ասաց Նինա Գալուստյանը:

Ծառայողական շներն ապրում են հատուկ գրաֆիկով: Ավագ մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի խոսքով, բուժզննումից հետո շնավարժ մասնագետներն իրենց ծառայողական շներին դուրս են հանում զբոսանքի, որը տևում է 30 րոպե: Այնուհետև շներն անցնում են ֆիզիկական պատրաստության մարզումների:

«Մարզումները տևում են 30 րոպեից մինչև մեկ ժամ, որից հետո շնավարժ հրահանգիչների հսկողությամբ շներն անցնում են հատուկ վարժեցման կուրսերի: Նրանց աշխատանքային որակները բարձր պահելու համար, ամեն օր կատարվում են թմրանյութի որոնման պարապմունքներ: Այսինքն՝ նրանք մշտապես պատրաստ լինեն, որպեսզի արագ արձագանքման դեպքում խնդիր չլինի, և շները դուրս գան ծառայության: Երբ շունը հայտնաբերում է նյութը, արձագանքը լինում է պասիվ և ակտիվ ձևով: Պասիվ նշանառության դեպքում շունը կամ նստում է այդտեղ, կամ պառկում, կամ քարանում: Ակտիվի դեպքում կամ փորում է, կամ ձայնային ազդանշան է կիրառում»,-ասաց Ալբերտ Մխիթարյանը: Շնագիտական կենտրոնում խստորեն հետևում են շների վարժանքներին, պարապմունքներին և, իհարկե, սննդակարգին: Ուտում են չոր կեր հատուկ շների համար նախատեսված, ինչպես նաև միս:

Ի՞նչ հատկանիշ պետք է ունենա շնավարժ հրահանգիչը. Ալբերտ Մխիթարյանը ևս ընդգծում է՝ սերը կենդանիների նկատմամբ: Առանց դրա հնարավոր չէ աշխատել կենդանիների հետ:

Երևանում գտնվող ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի (կենտրոնի) պետ Կարեն Բալայանը նշեց, որ ներկայում ունեն 11 շուն, որից 9-ն արդեն ծառայության մեջ են: Առաջիկայում նախատեսում են ավելացնել և՛ ծառայողական շների, և՛ շնավարժ մասնագետների թիվը:

«Մեր առաջնային խնդիրը սահմանային անցակետերում շուրջօրյա աշխատանք իրականացնելն է: Մեր ուղղվածությունը միայն թմրանյութերն են ու հոգեմետ դեղերը: Ունեցած աշխատանքի ծավալը վերլուծելով՝ մենք կարող ենք ասել, որ անհրաժեշտություն կա ծառայողական շների, մասնագետների թիվն ավելացնելու: Մենք շեշտը դնում ենք կրթական ծրագրերի վրա, մեր առաջնահերթություններից է միջազգային փորձի ուսումնասիրությունը, վերապատրաստումը»,-ասաց Կարեն Բալայանը:

2020 թվականին շնագիտական բաժնում իրականացված բարեփոխումների արդյունքում շնագիտական բաժնի 4-ական կինոլոգներ, իրենց ամրակցած ծառայողական շների հետ միասին հերթապահություն են իրականացնում «Ագարակ», «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետերում: Կինոլոգներին կցվել են ծառայողական շներ, որոնք բուծվել են հենց շնագիտական կենտրոնում, ինչի արդյունքում պետական բյուջեի միջոցների հաշվին այլևս ծառայողական շներ չեն ձեռք բերվել: Կարեն Բալայանը նկատեց, որ Հայաստանը չունի կինոլոգների պատրաստման ուսումնական հաստատություն, հետևաբար մասնագետներ պատրաստելը կատարվում է հենց տեղում: Նախատեսվում է շնագիտական կենտրոնում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կարող են ուսուցանվել և վերապատրաստվել նաև այլ պետական ծառայությունների կինոլոգները , ինչպես նաև վարժեցվեն այդ կառույցների ծառայողական շները:

Կարեն Բալայանի խոսքով, հնարավորության սահմաններում ամեն ինչ արվում է աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Արդյունքները նա ներկայացնում է թվային տեսքով: Տարեցտարի ավելանում է շների միջոցով դեպքերի բացահայտումների թիվը: Եթե նախկինում տարվա կտրվածքով 3-4 դեպք էր բացահայտված լինում շների օգնությամբ, ապա 2019 թվականին 20 դեպք է գրանցվել: 2020 թվականի ցուցանիշները համեմատելի չեն, քանի որ համավարակով պայմանավորված սահմաններին եղան սահմանափակումներ: Կարեն Բալայանը նշեց, որ համավարակի պատճառով 2020 թվականին մի շարք ծրագրեր հետաձգվեցին, սակայն դրանք օրակարգում են և առաջիկայում հնարավորության դեպքում իրականացնելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս