Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը․ դավաճանությունը շարունակվելու է
Իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ պատվերով, ցանկանում են քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը՝ զուգահեռաբար մի քանի անգամ ավելացնելով յուրաքանչյուրի համար սահմանված տուգանքը։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել իշխանության այն ներկայացուցչի հեղինակությամբ, որի անուն-ազգանունն արդեն իսկ հավասարազոր է հասարակության հանդեպ զրպարտությանն ու վիրավորանքին։ Բայց խնդիրը հեղինակի բարոյականության անկումը չէ, այլ այն, որ այդ սուբյեկտի ներկայացրած օրինագծի միջոցով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն անում է խոստովանություն այն մասին, որ իշխանության մնալու դեպքում շարունակելու է բոլոր այն քայլերը, որոնց պատճառով ինքն արդեն իսկ հասցրել է արժանանալ «դավաճան», «հող հանձնող», «հայրենասպան» և այլ տիտղոսներին։
Բանն այն է, որ այդ օրինագիծը երկնել են Նիկոլ Փաշինյանին հենց այդպիսի և այլ՝ ավելի հնչեղ մակդիրներով դիմելու պատճառով։ Ըստ ամենայնի, չափազանցված են եղել նրա՝ մարդկային ու քաղաքական բարոյականության ամբողջական բացակայության մասին պնդումները, և նա, այնուամենայնիվ, վիրավորվել է։
Դա, իհարկե, դրական է, սակայն որևէ կերպ չի արդարացնում իշխանության մտադրությունը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը՝ արժանանալով նման պիտակավորումների, որոշել է ոչ թե քայլեր կատարել ապագայում դրանցից զերծ մնալու համար, ինչպես կվարվեր միջին վիճակագրական նորմալ մարդը, այլ հակառակը՝ որոշել է պատժել այդպիսի որակումներ տվողներին։
Իսկ դա նշանակում է, որ առնվազն ենթագիտակցորեն Նիկոլ Փաշինյանը գիտի, որ առաջիկայում էլ կատարելու է քայլեր, որոնք արդարացիորեն արժանանալու են «դավաճան» կամ «հող հանձնող» որակավորումների։ Այսպիսով, նա նախապես փորձում է ապահովագրել ինքզինքը, որպեսզի ապագայում խուսափի այնպիսի մակդիրներից, որոնք, պարզվում է, խոցում են նրա փխրուն արժանապատվությունը։
Նիկոլ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է և դեռևս կարողանում է պահպանել իշխանությունը։ Միևնույն ժամանակ՝ ինքը բոլորից լավ գիտի դրա գինը, արդեն իսկ վճարված գինը և ապագայում վճարվելիք գինը։ Անձա՞մբ է զգում, թե՞ այդ մասին մարդասիրաբար տեղեկացրել են իրեն իշխանության պահողները՝ դրսից, դժվար է ասել։
Բայց փաստն այն է, որ հանուն իշխանության՝ ինքն ապագայում էլ ստիպված է լինելու կատարել այնպիսի քայլեր, գնալ այնպիսի զիջումների, որոնք իրականացնողին տրվելիք ամենամեղմ ձևակերպումը լինելու է «դավաճանը»։ Նիկոլ Փաշինյանը՝ հաղթահարած համարելով արդեն իսկ կատարվածը, որը հասարակության առնվազն մի հատված, ոչ առանց հիմքի, որակում է՝ որպես դավաճանություն, հող է նախապատրաստում ապագա դավաճանության կամ դավաճանությունների համար։
Բացառված չէ, որ այս օրինագծի ընդունումից հետո իշխանությունը որոշում կայացնի նաև հայոց լեզվից, դպրոցական դասագրքերից, գեղարվեստական գրականությունից ու բառարաններից «դավաճան» եզրը հանելու վերաբերյալ։ Այն կարող է փոխարինվել «նվիրատու», «գործակից» կամ «համագործակից» արտահայտություններով։
Մնում է գտնել դրանց ադրբեջաներեն համարժեքները։
Արշավիր Իշխանյան