Թանկացումները շարունակվում են, իսկ իշխանությունն արտաքին պարտքի ավելացումը ներկայացնում է՝ որպես դրական քայլ
Հրապարակվել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ․ հունվարին» պաշտոնական հաշվետվությունը:
«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%»,- նշված է հաշվետվության մեջ:
Նկատենք՝ թանկացել է հատկապես սննդամթերքը. «2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 4.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար՝ 9.5% և 23.0% գնաճերը»:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է, որ առաջնային սննդամթերքի թանկացման առնչությամբ իրենց գնահատումներն ու կանխատեսումներն ավելի մեղմ էին. «Գնահատում էինք տասը տոկոս միջին գնաճ առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի, բայց ստացվում է, որ իրականում կրկնակի ավելի է. այսինքն՝ առնվազն 20 տոկոս միջին գնաճ:
Եվ եթե մենք, ըստ էության, դիտարկում ենք այս սցենարով թանկացումները, ապա սա ընդամենը հունվարի 1-ի դրությամբ է. այսինքն՝ հունվարն է հունվարին համեմատած, իսկ թանկացումների գործոնները պահպանվում են, և նաև ընթացքը շարունակվում է (այսինքն՝ մենք գրեթե ամեն շաբաթ սահուն կերպով նույն ապրանքների գնաճի ականատես ենք): Եվ երկրորդ կարևոր հարցը, որ իրականում կա՝ սրանք այն առաջին անհրաժեշտության ապրանքներն են, որոնց հիմնական մասը կամ ներկրվում է, կամ ունի արտադրության մեջ ներկրման բաղադրիչ:
Պահպանելով ազգային արժույթի արժեզրկման այսպիսի ֆոնը՝ մենք նաև ականատեսն ենք լինելու հետագա թանկացումների: Այստեղ նաև կա մտահոգություն. իրականում եթե նույնիսկ հաշվի առնենք օբյեկտիվ գործոնները՝ ազգային արժույթի արժեզրկումը և այդ ապրանքների՝ նաև միջազգային շուկաներում որոշակի թանկացումը, Հայաստանի Հանրապետությունում արձանագրել է ավելի շատ: Այսինքն՝ այստեղ էլ նորից գործ ունենք, փաստորեն, փոքր շուկա և ներկրման մենաշնորհ դիրքի չարաշահման հետ, որովհետև եթե նույնիսկ մենք մոտավորապես հաշվենք, որ 8-10 տոկոս ազգային արժույթի արժեզրկում ունենք և մոտավորապես այդ ապրանքնատեսակները մինչև հինգ տոկոս թանկացել են դրսի շուկաներում, ապա կոնկրետ այդ ապրանքատեսակների մասով մենք ՀՀ շուկայում ունենք առնվազն կրկնակի չափով թանկացում»:
Թադևոս Ավետիսյանը ոչ օբյեկտիվ թանկացման պատճառներից է դիտարկում «առիթից օգտվելով՝ գերշահույթների ձգտման գործոնը», ապա հավելում, որ անելիք ունեն պետական պատկան մարմինները.
«ՏՄՊՊՀ-ն առնվազն պետք է ուսումնասիրի այդ շուկաները և փորձի հնարավորինս խիստ գործադրել եղած գործիքները, որովհետև առանց այն էլ, այս ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք ներկրվող ապրանքների գնաճի օբյեկտիվ գործոններ, որոնց մասին բազմիցս խոսվել է, բայց դրան էլ գումարվում են նաև մենաշնորհային դիրքի չարաշահման երևույթները: Այս եզրահանգմանն եմ, որովհետև պարզ է, որ ապրանքներն ավելի շատ են թանկացել Հայաստանում, քան, որ այդ եղած օբյեկտիվ գործոնները կարող էին բերել թանկացման»:
Նա նկատում է, որ տնտեսական սպասումները շարունակում են մնալ բացասական, քանի որ այն գործոնները, որոնք բերել են գնաճի և սոցիալական այսպիսի իրավիճակի, շարունակում են գոյություն ունենալ, ավելին՝ նաև խորանալ:
Ըստ Թ․ Ավետիսյանի՝ նման իրավիճակում դրական սցենարի մասին խոսելը կդիտարկվի պարզ պոպուլիզմ և իրավիճակից կտրված մանիպուլյացիա.
«Ներդրումները շարունակում են բացակայել՝ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումները, պետական պարտքը վազքով առաջ է գնում, համախառն ներքին արդյունքի անկումը շարունակվում է: Ի դեպ, օրվա իշխանություններն էլ ուրիշ դրական բան չունեն ցույց տալու, և աբսուրդը հասել է նրան, որ արդեն պետական պարտքի ավելացումն են փորձում դրական ներկայացնել:
Ի վերջո, պետական պարտքը շարունակում է աճել, և դա նկատում ենք ամեն օր. պետական բյուջեի եկամուտները շարունակում են կրճատվել, ազգային արժութային շուկայում շարունակվում է ճգնաժամն ու անկայունությունը, և դրա վառ ապացույցն այն է, որ ԿԲ-ն պարբերաբար խիստ միջոցներ է կիրառում (ընդամենն օրեր առաջ նորից բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, շարունակում է ինտերվենցիաները, այսինքն՝ շուկան չի կարգավորվել, չի կայունացել), և վերջապես, նաև նույն մոտեցումներով, իրավիճակից կտրված, ոչ համարժեք, պետական կարգավորում։ Այսինքն` այսպիսի իրավիճակում գնում են հարկային բեռի ավելացման, բարձրացնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և, ի վերջո, պետական աջակցության ծրագրերը շարունակում են նույն ձևով մնալ (անհասցեական): Դրան գումարած՝ սոցիալական նոր ծախսերը, որոնք համավարակի դեմ պայքարի տապալման հետևանքն էին, ինչպես նաև՝ վրա հասած պատերազմի և խայտառակ պարտության ու մնացած իմաստներով:
Որքան էլ փորձեն արտաքին պարտքով միջոցներ ներգրավել և ինչ-որ չափով կարճաժամկետ իրավիճակ փոխել, միևնույն է՝ դա հասկանում են և՛ ներդրողները, և՛ արդեն քաղաքացիները։ Պահանջարկի կրճատումը, մարդկանց, ինչպես նաև բիզնես վարքագծի փոփոխությունը շարունակում է մնալ և խորանալ:
Ի վերջո, 2020 թվականին տասնյակ հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերեր դադարեցրել կամ կասեցրել են իրենց բիզնեսը (աննախադեպ աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ): Բիզնեսը դադարեցրած տնտեսվարողների վարքագծի հետևանքով եղավ տնտեսական ակտիվության կրճատում, իսկ դրանք շարունակում են դադարեցված մնալ»:
Իսկ այս շարունակվող պրոցեսներին զուգահեռ՝ ըստ մասնագետի՝ նույնն է մնում պետական ձախողված քաղաքականությունը՝ իր բոլոր բացասական դրսևորումներով՝ պոպուլիզմ, սուտ խոստումներ, հանրությանը բուն օրակարգից շեղելու մարտավարություն, անհասկանալի և դատապարտելի հայտարարություններ: