«Աննա Դանիբեկյանը կատարել է հանցագործություն, մենք իրավական վեճ ունենք, և նա չի կարող ընկալվել՝ որպես անկողմնակալ, օբյեկտիվ ու անաչառ դատարան». Էրիկ Ալեքսանյան
«Ինձ համար անակնկալ չէր, որ Լիլիթ Թադևոսյանը նախաձեռնում է ընտրվել՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, քանի որ նա 3 տարի գնում էր հենց այս նպատակին: Նրա դրսևորած վարքագիծը, կոնկրետ նրա ցուցաբերած, ինչո՞ւ չէ, նաև կողմնակալ մոտեցումը դրան էր տանում: Փաստորեն, Լիլիթ Թադևոսյանը խոսում է դատական համակարգի անկախության մասին այն դեպքում, երբ նա հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկում կոնկրետ գործեր»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում (ԱԺ) Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածության՝ այսօր ընթացող քննարկմանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Լիլիթ Թադևոսյանի հետ իրենք առնչվել են 2-րդ նախագահ Ռոբետ Քոչարյանի գործով, երբ Վճռաբեկ դատարանը, ըստ Ալեքսանյանի բնորոշման, ապօրինի որոշում կայացնելով, բեկանեց Վերաքննիչ դատարանի վճիռը:
«Ես ինձ թույլ եմ տալիս այդ որոշումը որակել ապօրինի, քանի որ ծանոթ եմ՝ ինչպես այդ որոշմանը, այնպես էլ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ ամբողջովին ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխանող որոշմանը, և այնտեղ, բնականաբար, բեկանելու որևէ հիմք չկար: Առաջին անգամ Լիլիթ Թադևոսյանի հետ առնչվել ենք հենց խափանման միջոցի հարցի շրջանակներում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ ամենազավեշտալին այն է, որ փաստացի լինելով «7-ի գործով» (2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված 7 ընդդիմադիրների քրեական գործը.- Գ.Ս.) դատախազներից մեկը՝ ժամանակին 300.1 հոդվածի վերաբերյալ ունեցել է լրիվ այլ դիրքորոշում, և ինքն էլ համարել է, որ այդ հոդվածն ունի որոշակիության, վատթարացնող և հետադարձ ուժի հետ կապված խնդիրներ:
«Ու զավեշտը կայանում է նրանում, որ Լիլիթ Թադևոսյանն այս հոդվածի վերաբերյալ 10 տարի առաջ լրիվ այլ դիրքորոշում է ունեցել, իսկ 10 տարի անց կտրուկ փոխել է այն»,- նկատեց փաստաբանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին հայտնած ինքնաբացարկի իր միջնորդության, որին միացել էին նաև մյուս փաստաբանները և դատավորի՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման մասին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իրենք իրավական վեճ ունեն Աննա Դանիբեկյանի հետ, և այս իրողության պայմաններում կողմնակալ դիտորդի մոտ չի կարող ստեղծվել տպավորություն, որ նա անկողմնակալ կարող է լինել սույն գործով:
«2020թ. հունիսի 9-ին պետք է կայանար Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը: Մենք միջնորդություն էինք ներկայացրել դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի մոտ հայտնաբերվել էր Քովիդ-19. Ու Արմեն Գևորգյանը, լինելով կոնտակտավոր, չի կարողանալու մասնակցել այդ դատական նիստին: Միևնույն ժամանակ՝ դատարանին խնդրել էինք, որպեսզի դռնբաց դատական քննության պայմաններում Թամարա Գևորգյանի մոտ Քովիդ-19 հայտնաբերվելու փաստը չհրապարակվի՝ այն բժշկական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ: Հետագայում մամուլից տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է, սակայն դատարանը, այնուամենայնիվ, այդ տեղեկատվությունը հրապարակել է»,- խնդրի էությանը ծանոթացրեց Էրիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ մինչև հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը փորձել են պարզաբանում ստանալ դատարանից, թե ինչով է պայմանավորված դատարանի նման վարքագիծը, քանի որ իրենք ուղղակի արգելք էին սահմանել այդ տեղեկատվության հրապարակման համար:
«Մեզ այդ ժամանակ դատավորի աշխատակազմից հայտնեցին, որ Աննա Դանիբեկյանը հրաժարվում է առհասարակ որևէ պարզաբանում տալ, ու դա արեցին շատ կոպիտ ու անհասկանալի ձևով: Ի սկզբանե հաղորդում ներկայացնելու միտում, ցանկություն չկար, բայց այդ վարքագիծը տարակուսանք առաջացրեց մեր մեջ: Եթե Աննա Դանիբեկյանը որևէ կերպ բացատրեր իր վարքագիծը, մենք հաղորդում չէինք ներկայացնի, բայց քանի որ մենք նման կոպիտ արձագանք ստացանք, դիտարկելով դա որպես հանցագործություն, որովհետև բժշկական գաղտնիքի հրապարակումը քրեական հանցագործություն է, դիմեցինք գլխավոր դատախազություն»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին հրապարակումը, որ Աննա Դանիբեկյանը քթի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, առիթ հանդիսացավ, որ Բարձրագույյն դատական խորհուրդը (ԲԴԽ) դիմի Գլխավոր դատախազությանը՝ այդտեղ տեսնելով հանցագործության հատկանիշներ՝ քրեական գործ հարուցելու և բժշկական գաղտնիք հրապարակողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
«Մենք խնդրեցինք, որ նույն մոտեցումը ցուցաբերվի նաև այս դեպքում: Տվյալ դեպքում մենք նույնպես խնդիր ունեինք բժշկական գաղտնիք հրապարակելու փաստի հետ, ու դիմելով Գլխավոր դատախազություն՝ հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին: Ու այժմ մենք ունենք իրավական վեճ: Մենք այն կարծիքին ենք, որ Աննա Դանիբեկյանը կատարել է հանցագործություն, մենք վեճ ունենք, և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից՝ Դանիբեկյանը չի կարող ընկալվել՝ որպես անկողմնակալ, օբյեկտիվ ու անաչառ դատարան»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ վտանգ կա այս գործի դրական ելքի դեպքում Դատախազության կողմից Վերաքննիչ դատարան դիմելու դեպքում վերջինիս կողմից այն կրկին Առաջին ատյանի դատարան վերադարձնելու՝ այն պատճառաբանությամբ, որ գործը քննվել է ապօրինի դատարանում:
Մանրամասները՝ տեսանյութում