Հիմա՞ ում շահերն ենք պաշտպանում

Իշխանություններն իրենց դիլետանտությամբ երկիրը դարձրել են փորձադաշտ, ու ինչ խելքներին փչում է, այն էլ անում են։ Թե հետևանքներն ինչպիսին կլինեն, իրենց քիչ է հուզում։ Կփորձեն, կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ այլ բան կմտածեն։ Դրանից ով կշահի կամ կտուժի, կարևոր չէ։ Կարևորը՝ այդ պահին այդպես է նպատակահարմար։

Դեռ 2019թ. սկզբին կառավարությունը քայլեր ձեռնարկեց ցեմենտի շուկան արտաքին ճնշումներից պաշտպանելու համար։ Սկզբում մտածեցին ուղղակի արգելել ցեմենտի ներմուծումը։ Հետո որոշեցին ավելի քաղաքակիրթ ճանապարհով գնալ և բարձրացնել ներմուծման մաքսատուրքերը։ Շուրջ մեկ ու կես տարի գործեցին բարձրացված մաքսատուրքերը։

Հիմա որոշել են կրկին հրաժարվել դրանից և ընդհանրապես արգելել ներմուծումը։ Թե ինչո՞ւ, չկա որևէ հիմնավորում։ Միակ բացատրությունն այն է, որ ուզում են պաշտպանել ներքին արտադրությունը։ Նախկինում էլ, երբ մտցնում էին ներմուծման մաքսատուրքերը, բացատրությունը նույնն էր՝ ուզում են պաշտպանել ներքին արտադրողին։

Ինչքանո՞վ դա ստացվեց, այլ հարց է։ Այն, որ որոշել են հրաժարվել նախկին մոտեցումից, բավական է՝ հասկանալու համար, որ այլ նպատակահարմարություններ են ի հայտ եկել։ Հատկապես որ, կառավարությունը պատրաստվում է այդ քայլին գնալ այն պարագայում, երբ ցեմենտի ներքին արտադրության ծավալները սկսել են ավելանալ։

Անցած տարի ունեցել ենք բավական բարձր աճ։ Շինարարության երկնիշ անկման պայմաններում ցեմենտի ներքին արտադրությունն աճել է ավելի քան 19 տոկոսով։ 2019թ. Հայաստանում արտադրվել է 556 հազար, անցած տարի՝ 663 հազար տոննա ցեմենտ։ Մեկ տարում 107 հազար տոննայով ավելի ցեմենտ է արտադրվել։

Ու այդ պարագայում որոշել ենք հրաժարվել ներմուծման մաքսատուրքերի գաղափարից՝ տեղական արտադրությունը պաշտպանելու հիմնավորմամբ։

Որտե՞ղ է տրամաբանությունը, երբ մաքսատուրքերի գոյության պայմաններում ունեցել ենք արտադրության ավելի քան 19 տոկոս աճ։ Սրանից լավ արդյունք նույնիսկ դժվար է պատկերացնել։ Բայց կառավարությունը որոշել է հրաժարվել մաքսատուրքերից և գնալ շատ ավելի կոշտ միջամտության՝ ընդհանրապես արգելել ներմուծումը։ Եթե խնդիրը մաքսատուրքերի կիրառման ժամկետի ավարտի մեջ էր, հիշեցնենք, որ այդ ժամկետն այս տարվա հունվարի 1-ով ավարտվել է, ապա դժվար չէր այն երկարացնել։ Սակայն երկարացնելու փոխարեն, որոշվել է արգելել ցեմենտի ներմուծումը։ Իր այդ քայլը կառավարությունը հիմնավորել է ԵԱՏՄ կանոնակարգերով ընձեռված հնարավորություններով։

«Ցեմենտի ներքին շուկան հետագայում էլ ցածր գներով ներմուծվող ցեմենտից պաշտպանելու, տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնելու նպատակով առաջարկվում է հիմք ընդունել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի հոդված 47-ով սահմանված դրույթը (համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն  կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ) և ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ցեմենտի  ներմուծումը»,- ասվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Այս փուլում նախատեսվեց, որ ցեմենտի ներմուծումը պիտի դադարեցվի 6 ամսով։ Բայց այդ ժամկետը բխում է ավելի շուտ ԵԱՏՄ  կանոնակարգերից։ Այն թույլ է տալիս սահմանել 6-ամսյա սահմանափակում՝ հետագայում պարբերաբար երկարացնելու հնարավորությամբ։

Թե ինչո՞ւ է կառավարությունը որոշել հիմա էլ գնալ այս ճանապարհով, երբ ի սկզբանե էլ կարող էր դա անել, որևէ հիմնավորում չկա։

Նորություն չէ, որ իշխանությունները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահերով։

Ժամանակին այդպես էլ եղավ ցեմենտի ներմուծման սահմանափակումների կիրառման պարագայում։ Հայաստանում ցեմենտի արտադրության ամենախոշոր ընկերության սեփականատիրոջը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, իր տեղը ցույց տալու համար, գնացին ոչ թե ցեմենտի ներմուծումն արգելելու, ինչպես պնդում էր Գագիկ Ծառուկյանը, այլ մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով։ Հիմա փոխել են մտադրությունները և վերադարձել այն մոտեցմանը, որը ժամանակին պաշտպանում էր սեփականատերը։ Դա էլ հիմք տվեց ասելու, որ սառույցն իշխանությունների ու Գագիկ Ծառուկյանի միջև վերստին սկսել է հալվել։

Այդպե՞ս է, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան ակնհայտ է, որ ցեմենտի ներմուծման կասեցումը, որքան էլ ուղղված է ներքին արտադրողի պաշտպանությանը, ոչ մի կերպ չի բխում շուկայի և սպառողների շահերից։ Դրա հետևանքով տուժելու են շուկան և սպառողը։

Ներմուծման արգելումը խաթարում է մրցակցային միջավայրը և շուկայական գնագոյացումը։ Դա բերելու է ցեմենտի գների բարձրացման։ Օգտվելով մրցակցության թուլացումից, ինչ-որ պահից տեղական արտադրողը բարձրացնելու է գները։

Ցեմենտի թանկացումը հանգեցնելու է նաև շինարարության ինքնարժեքի բարձրացման։

Սրանք խնդիրներ են, որոնց անհնարին է մատների արանքով նայել։ Որքան էլ տեղական արտադրողի պաշտպանությունը կարևոր է, չպետք է մոռանալ նաև շուկայի և սպառողների իրավունքների մասին։ Այնպես չէ, որ ներքին արտադրողի պաշտպանությունը պետք է իրականացվի սպառողի հաշվին։ Սպառողը մեղավոր չէ, որ տեղական ցեմենտի արտադրությունը մրցունակ չէ։

Տեղական արտադրողի մրցունակությունը բարձրացնելու համար կան բազմաթիվ այլ միջոցներ, որոնք կարող է իրականացնել կառավարությունը։ Ասենք՝ սուբսիդիաներ կամ այլ արտոնություններ տրամադրել, որպեսզի այն կարողանա մնալ դաշտում և մրցակցել արտաքին խաղացողների հետ։

Իսկ որ ավելի կարևոր է, տեղական արտադրողին պետք է փորձել պաշտպանել ոչ թե պրոտեկցիոնիզմի, այլ մրցունակության բարձրացման ճանապարհով։ Մրցակցության բարձրացման լավագույն միջոցը ներդրումներն են ու տեխնիկական վերազինումը։ Թե չէ, ներսում պրոտեկցիոնիզմ կիրառեցինք, իսկ դրսում ո՞վ է նրան պաշտպանելու մրցակիցներից։

Այն, ինչ արվում է` բոլորովին էլ չի բխում տնտեսության զարգացումների շահերից։ Դրանով ընդամենը կարող ենք ժամանակավոր խնդիր լուծել, ավել ոչինչ։ Պետք է մտածել տեղական արտադրանքի ինքնարժեքն իջեցնելու և մրցունակությունը բարձրացնելու մասին, որպեսզի այն կարողանա այլ շուկաներ դուրս գալ։ Այլապես ոչնչի չենք հասնելու։

Ներմուծման արգելումն ամենևին էլ խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ, եթե ոչ՝ վատագույնը։ Այն չի բխում ոչ միայն շուկայի ու սպառողի, այլև տնտեսության զարգացման շահերից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս