«30 տարի բանակ չենք ունեցել». Անուշ Բեղլոյան

ԱԺ իմքայլակական պատգամավոր Անուշ Բեղլոյանի խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականություն վարել տարածաշրջանում, ռազմական զորավարժություններ, թշնամական հայտարարություններ անել, հայերի ու ադրբեջանցիների համակեցության գործընթացը չի կարող սկսվել:

168.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթը, Անուշ Բեղլոյանը պատասխանեց, որ կոմունիկացիաների բացման հարցը դեռևս քննարկման մեջ է:

«Որևէ միջազգային պարտավորեցնող փաստաթուղթ չի ստորագրվել, դա ընդամենը հնարավորության քննարկում է: Փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պարտավորեցնող որևէ բան չունի: Ամեն վայրկյան կարող ենք դրանից կա՛մ հրաժարվել, կա՛մ իրականացնել»,- նշեց նա:

168.am-ի հաջորդ հարցին՝ ինչո՞ւ ՀՀ իշխանությանը չի հաջողվում լուծել հայ ռազմագերիների հարցը, Անուշ Բեղլոյանը հարցով պատասխանեց. «Ես էլ կարող եմ  հարցնել, թե ինչո՞ւ ՀՀ նախկին իշխանություններին չհաջողվեց 30 տարվա ընթացքում լուծել Արցախի հարցը ի նպաստ Հայաստանի: Այս պահին Ադրբեջանի վրա միջազգային հանրության ճնշումը մեծ է հայ գերիների հարցով»:

Մեր դիտարկմանը, որ նախկին իշխանություններն Արցախի հարցը չեն լուծել, բայց գոնե ժողովրդից գաղտնի կապիտուլյացիոն թուղթ չեն ստորագրել, Անուշ Բեղլոյանը նշեց, որ լրատվական դաշտում վերջին բացահայտումները պաշտոնյաների կողմից այդ պնդումը խնդրահարույց են դարձնում:

Խնդրեցինք, որպեսզի մանրամասնի, թե ինչ նկատի ունի, ինչին ի պատասխան՝ Անուշ Բեղլոյանն ասաց.

«Խնդրում եմ Ձեզ լսել տարբեր պաշտոնյաների հարցազրույցները և փնտրել այդ հարցի պատասխանը»:

Պատգամավորներին հիշեցրինք, որ նախկին իշխանություններն ասում էին, որ տարածքները կվերադարձնեն Ադրբեջանին, սակայն Արցախը պետք է ստանա կարգավիճակ, բայց ներկայիս իշխանությունները հանձնեցին և՛ տարածքները, և՛ Արցախը չունեցավ կարգավիճակ, Անուշ Բեղլոյանը նշեց.

«Այսօրվա իշխանությունը չհանձնեց Արցախը, այսօրվա իշխանությունը ժառանգություն ստանալով՝ որպես փլատակներ… Ստացվում է, որ մենք էլ բանակը զրոյական կետից ենք սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել: Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունը 30 տարվա ընթացքում ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանության կողմից, քան թե փորձը ցույց տվեց, որ ինքը գոյություն ունի: Դուք ասում եք՝ իշխանությունը հանձնեց Արցախը, ես էլ ասում եմ, որ ռազմական պարտության ընթացքում կորցրեց իր որոշ մասը»:

Տեսանյութեր

Լրահոս