Սյունիքի կարևորությունը մեծացնելու համար անհրաժեշտ է ազատ տնտեսական գոտու շահագործումը. Իրանագետ

«Իրանը տնտեսական համագործակցությունների այս վեցակողմ ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա և Ռուսաստան) համարում է խաղաղության հիմքերից մեկը՝ գիտակցելով, որ արցախյան խնդիրը դեռևս փակված չէ, որոշակի հարցեր կան, օրինակ` Արցախի կարգավիճակի որոշումը»,- խոսելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցի մասին՝ ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ շեշտելով, որ տրանսպորտային ապաշրջափակումը նաև Իրանի կողմից է ողջունվում և հայտարարվում է՝ որպես տարածաշրջանում խաղաղության հիմք, իսկ կապիտուլյացիոն փաստաթուղթը նաև հրադադարի փաստաթուղթ է, ոչ թե վերջնական պայմանագիր, հետևաբար՝ իրանական կողմն ավելի շատ ձգտում է տնտեսական համագործակցություն սկսելով հասնել խաղաղության:

Հարցին՝ ինչո՞ւ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Իրանն ուրախ է բարեկամ և եղբայրական Ադրբեջանի կողմից իր տարածքներն ազատագրելու և դրանց՝ Ադրբեջանի ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար, երբ գիտի փաստը՝ այդ հողերը հայկական են և երբեք Ադրբեջանին չեն պատկանել, իրանագետը պատասխանեց, որ հայտարարությունն արվել է և՛ քաղաքական, և՛ տնտեսական շահերից ելնելով:

«Պատերազմի ժամանակ ևս եղան նմանատիպ հայտարարություններ, այսինքն,  իրանական կողմը հիմք էր ընդունել միջազգային փաստղաթղթերը, ինչպես նաև  այն, որ Արցախի անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել:

Եվ եթե մինչև պատերազմի ավարտն Իրանի հայտարարությունները հռետորական էին, ապա պատերազմի արդյունքը տեսնելով՝ եղան նաև այդպիսի հայտարարություններ, քանի որ Իրանն ուներ սեփական խնդիրները լուծելու հարցեր՝ Ադրբեջանում և Կովկասում: Թուրքիայի ներգրավվածությունից հետո Իրանն Ադրբեջանում բավականին զիջեց իր դիրքերը՝ և՛ փափուկ ուժի տեսանկյունից, և՛ տնտեսական առումով: Հիմա խնդիր ունի վերականգնել փափուկ ուժը, ինչպես նաև մեծ ջանքեր է գործադրում՝ ներգրավվելու տարածքների վերականգնողական աշխատանքներում»,- նշեց Գարիկ Միսակյանը:

Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի՝ Հայաստանի Հանրապետությունում արված հայտարարությանը, թե  Թեհրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, իրանագետը նկատեց.

«Ընդհանուր առմամբ՝ տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության խնդիրն Իրանը միշտ բարձրաձայնել է՝ և՛ սեփական շահերից ելնելով, և՛ աշխարհաքաղաքական: Սակայն Հայաստանում դրանք կարմիր գիծ անվանելով՝  Իրանը նախ,   կարելի է ասել, մեսիջ էր ուղարկում  այն շրջանակներին, որոնք խոսում էին Սյունիքի և այլ գյուղերի վերաբերյալ:

Հիշենք, Ադրբեջանում և Թուրքիայում սպառնալից հայտարարություններ էին հնչում: Իրանն իր արտաքին քաղաքականության շրջանակներում զրո խնդիր հարևանների հետ ձևաչափում կարևորում է իր բոլոր սահմանները: Բազմաթիվ հայտարարություններ նաև փորձագիտական շրջանակներում եղան, որ Հայաստանի սահմանը չնայած փոքր է, բայց Իրանի համար մեծ կարևորություն ունի, իսկ կապիտուլյացիոն համաձայնագրի կնքելուց հետո նաև «Մեղրիի միջանցքի» հետ կապված խնդիր կա: Ճիշտ է, դեռևս հստակ չէ՝ դա միջա՞նցք է, թե՞ ինչ, սակայն իրանական կողմում անհանգստացած են՝ դրա միջանցք լինելու հետ կապված, որն իրականում խաթարելու է հայ-իրանական ցամաքային սահմանի  գործունեությունը: Եթե դա ձգվի Մեղրիով, այդ սահմանը գործնականում Իրանից կտրում է հայկական սահմանը և նույն հաջողությամբ չի գործելու:

Սա էլ է տեղավորվում Զարիֆի հայտարարությունների մեջ, նրանք իրենց համար հայ-իրանական սահմանի կարևորությունն են նշում՝ դրան տնտեսական բաղադրիչ տալով»:

Իրանագետն ընդգծեց՝ հնարավոր է՝ ամիսներ անց Իրանում իշխանության գա պահպանողական թեկնածուներից ինչ-որ մեկը, իսկ դա լա՞վ կլինի, թե՞ վատ,  կապված է մեր՝ Իրանի հետ  տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող աշխատանքներից, որը վերջապես ավելի ակտիվ կիրականացվի:

«Իրանում նախագահ Ռուհանիի կառավարման շրջանում լուրջ տնտեսական  խնդիրներ եղան՝ ավելի շատ կապված ամերիկյան պատժամիջոցների, ինչպես նաև վարած քաղաքականության հետ, իսկ ազգայնական, պահպանողական շրջանակները սկսեցին դժգոհել նրա վարած արտաքին քաղաքականությունից՝ հենց արցախյան պատերազմի ժամանակ, երբ  Իրանի փոխարտգործնախարար Աբաս  Արախչին չհաջողված այց ունեցավ տարածաշրջանային երկրներ: Նրա որդեգրած դիրքորոշումը գնահատվեց նաև՝ որպես  Իրանի  անվտանգային խնդիր: Ընդհանուր ներքաղաքական խնդիրներից ելնելով՝ ավելի հավանական է պահպանողական թեկնածուներից որևէ մեկի իշխանության գալը: Լա՞վ կլինի, թե՞ վատ՝ կապված է ՀՀ-ի կողմից Իրանի հետ տարվող աշխատանքներից»,- ասաց Գարիկ Միսակյանը:

Նա կարևորեց Հայաստան-Իրան երկկողմ այցերը՝ նշելով, որ արցախյան պատերազմի ժամանակ զգացվեց, թե որքան մեծ կարևորություն ունի հայ-իրանական սահմանը:

«Իսրայելի հետ կապված այդ հարաբերությունները մի քիչ ստվերվեցին, և հիմա փորձում են ուղղել սխալները: Թուրքական ապրանքներն այլևս չեն ներկրվելու Հայաստան, և այդ բացը լրացնելու միակ ուղին ներկայումս Իրանն է:  Վերջապես պետք է շահագործվի ազատ տնտեսական գոտին, Հյուսիս-Հարավի շինարարությունն ավարտվի: Եթե հույսը դրվի միայն  երկաթուղային ապաշրջափակման  վրա՝ մեզ համար կարևոր խնդիրներ են առաջանալու, մեծանալու է կախվածությունն այդ երկաթուղուց, իսկ երկրորդը Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունն է: Սյունիքի կարևորությունը մեծացնելու համար անհրաժեշտ է ազատ տնտեսական գոտու շահագործումը, Հյուսիս-Հարավի շինարարությունը, որն Իրանի համար կդառնա տրանզիտային տարածք»,- եզրափակեց իրանագետը:

Տեսանյութեր

Լրահոս