Անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հարուցվել է քրեական գործ
2021թ. հունվարի 29-ին՝ ժամը 21:30-ին, հաղորդում է ստացվել՝ 2005թ. ծնված անչափահաս տղայի անհետ կորելու մասին:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2021թ. հունվարի 31-ին տղայի դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տաբատի գրպաններից հայտնաբերվել են տղայի անձնական իրերը:
Որոշում է կայացվել` դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական գործով էական նշանակոթյուն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին