
Բոտիչելիի կտավն աճուրդում վաճառվել է ավելի քան 92 մլն դոլարով

Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի՝ «Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» կտավը Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է ավելի քան 92 մլն դոլարով: Այդ մասին հաղորդվում է աճուրդի տան կայքում:
Աճուրդը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Կտավը վաճառվել է 92 մլն 184 հազար դոլարով: Գնորդի անձը չի բացահայտվում: Wall Street Journal հրատարակության տվյալներով՝ այն առցանց- աճուրդում ձեռք է բերել ռուսախոս հավաքորդը:
Կտավը ձեռք բերելու իրավունքի համար, ըստ թերթի տեղեկատվության, նաեւ պայքարել է Ասիայից գնորդը, բայց նա արագորեն զիջել է իր ռուսախոս մրցակցին: Աճուրդի տունը նկարի արժեքը նախնականորեն գնահատել էր 80 մլն դոլար:
Ինչպես նշում է Sotheby՚s-ը, Նյու Յորքի աճուրդում վաճառված կտավը դարձել է երբեւիցե աճուրդի հանված աշխարհի ամենաթանկ դիմանկարներից մեկը: Այն նաեւ դարձել է Բոտիչելիի ամենաթանկ կտավներից մեկը, որը երբեւէ ցուցադրվել է աճուրդներում:
«Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» կտավը վերջին անգամ աճուրդի էր հանվել 1982 թվականին: Այն ժամանակ նկարը վաճառվել էր 1,3 մլն դոլարով: Sotheby՚s-ի ընդհանուր հասույթը հունվարի 28-ի աճուրդում կազմել է 114,5 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: