Բաժիններ՝

Ժեստերի լեզվի հեշտ ուսուցում՝ հայ պատանիների հավելվածում

Հայ պատանիների ծրագրած Corvus հավելվածը  նպատակ ունի վերացնել շփման խոչընդոտը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։

Corvus բջջային հավելվածի հիմնադիրներն են Էմմա Վանեցյանը և Թամարա Բուդումյանը։ Աղջիկները նշում են, որ Corvus-ի առաքելությունն է՝ օգնել մարդկանց սովորել ժեստերի լեզուն, հեշտացնել խուլ մարդկանց հաղորդակցման խնդիրը, քանի որ շփման խոչընդոտը պետք է վերանա։

«Իրար ճանաչում ենք մանկուց, ընդհանուր հետաքրքրություններ ունենալով` կրկին հանդիպեցինք StartUp Club Gavar-ում։ Ակումբում, երբ եկավ սեփական ստարտափներ մշակելու ժամանակը, բազում առաջարկված գաղափարներից ամենահարազատն Էմմայի` ժեստերի լեզուն սովորելու համար հավելված մշակելն էր։ Հայաստանում կա՝ շուրջ 12-16000, աշխարհում՝ 466 միլիոն լսողական խանգարում ունեցող մարդ, որոնցից յուրաքանչյուրն անկասկած ունի ժեստերի լեզուն չիմացող մարդկանց շրջապատ (մոտավոր հաշվարկներով՝ 1 միլիարդ 750 միլիոն մարդ)։ Հենց նրանց միջև շփման խոչընդոտն ենք ցանկանում վերացնել, նրանք են հանդիսանում մեր հիմնական թիրախային խումբը, ինչի մեջ հաշվի առնենք նաև մեր` հիմնադիրների պես մարդկանց, ովքեր շրջապատում չունեն նման խնդիր ունեցողների, սակայն ցանկանում են սովորել։ Երբ հայերեն ժեստերի լեզուն սովորելու փորձեր էինք անում, հասկացանք, որ մասնագետ գտնելը բարդ է և ժամանակատար։ Բջջային հավելվածը զգալիորեն կհեշտացներ սովորելու պրոցեսը` այն տեղափոխելով անսահմանափակ հնարավորություններով դիջիթալ դար։

Երբ մատչելի հավելված չգտանք, սեփական հավելված ունենալը հիանալի գաղափար էր։ Գլխավոր առավելություններից ենք համարում ներկայումս ամենակարևոր խնդիրներից մեկի լուծումը` ժամանակի կառավարման հնարավորությունը, քանզի ուրիշի գրաֆիկի հետ հարմարեցնելու կարիք այլևս չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Թամարան։

Ներկայումս Corvus-ը մանրամասնորեն գծված գաղափարային փուլում է։ Առաջին հատվածում այն նման է լինելու խաղի և բաժանված է լինելու թեմատիկ մասերի՝ մակարդակների, որտեղ սովորողները կարող են տեսնել յուրաքանչյուր ժեստի վիդեո տարբերակը։ Սպառողներն ամեն մակարդակն անցնելու վերջում ստուգող վարժությունն անցնելիս վաստակելու են միավորներ։ Վարժությունը հաղթահարելուց հետո հնարավորություն կա փուլի վերաբերյալ հետադարձ կապ թողնելու համար։ Առկա է նաև մշտական հետադարձ կապի անկյուն։

Երկրորդ հատվածում սպառողները կարող են վճարովի վիդեոկապ հաստատել մասնագետի հետ՝ ավելին սովորել ցանկանալու դեպքում։ Նախորդ հատվածում վաստակած միավորները կարելի է փոխանակել զեղչի հետ։

«Նախատեսվում է հետագայում ավելացնել, այսպես ասած, թարգմանչական հատված, որը բանավոր խոսքը կվերածի գրավորի, գրավորը՝ բանավորի։ Ներմուծվելու է անգլերեն ժեստերի լեզուն անգլալեզու օգտատերերի համար, այլ ժեստերի լեզուներ՝ համաշխարհային տարածում ստանալու համար։

StartUp Armenia-ի կողմից կազմակերպված Demo Day-ի շրջանակներում ներկայացրեցինք Corvus-ին ոչ միայն հանրությանը, այլև ներդրողներին, և որպես նվեր՝ ստացանք web design-ի ծառայություն Owlfinity ընկերության կողմից։ Ներկայումս միասին աշխատում ենք այդ ուղղությամբ և նախատեսում ենք հավելվածը գործարկել սույն թվականին, շատ ուրախ կլինենք թիմում տեսնել տաղանդավոր ծրագրավորողների»,- պատմում է Թամարան։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս