Բաժիններ՝

Ոչ ոքի աշխատանքի առաջարկ դեռ չի եղել. ԿԱԻ նախկին աշխատակիցը՝ նոր ստեղծված հիմնադրամում աշխատելու մասին

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է՝ դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Նոր համակարգով նախատեսվում է կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակում, ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին, ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում:

Հունվարի 23-ին տարածված մամլո հաղորդագրության մեջ  նշվում է, որ Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներին կտրվի առավելություն։

ԿԱԻ նախկին աշխատակիցներից Նունե Ամիրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նախկին մոտ 300 աշխատակիցներից ոչ ոքի աշխատանքի առաջարկ դեռ չի եղել:

«Վերջին հանդիպումը եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ՝ դեկտեմբերի կեսին: Հանդիպումն առցանց էր, նա ասաց, որ, եթե նույն տեղի համար լինեն երկու և ավելի հոգի պայքարող, ապա  առաջնահերթությունը կտրվի կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներին, բայց թե ինչպե՞ս են դա անելու՝ չգիտեմ: Եթե ինքնակենսագրականներ են վերցնելու, ինչպե՞ս է պարզ դառնալու, որ հավասար պայմաններում են: Մեզ սկզբից էլ տեղեկացրել են, որ լինելու է մրցույթ՝ ասելով, թե՝ դուք դիմեք, դուք շահեք և, եթե այնպես լինի, որ երկու հոգու համար նույն պայմանները լինեն՝ առաջնահերթությունը կտրվի Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներին»,- նշեց Նունե Ամիրյանը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն 2019թ. փետրվարի 14-ին իր պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածել, որ ԿԱԻ ՓԲԸ-ն լուծարվելու է, ստեղծվելու է կրթության ընդհանուր ծրագրային հարցերով զբաղվող նոր կառույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս