Փարաքարում կատարված գողության դեպքեր են բացահայտվել
Փարաքար գյուղում 2018 թվականից սկսած՝ պարբերաբար գողություններ էին կատարվում։ Թիրախում գյուղի խորդանոցները, նկուղներն ու ավտոտնակներն էին։
2018 թվականի օգոստոսի 15-ին Փարաքար գյուղի Սևանի փողոցի մի տան խորդանոցից մոտ 360 հազար դրամի կենցաղային իրեր ու գործիքներ էին գողացել։ Երկու ամիս անց նույն գյուղի Նաիրիի փողոցի մի ավտոտնակից էին գողություն արել՝ պատճառելով 140 000 դրամի նյութական վնաս։ Օրեր անց գրեթե նույնքան վնաս էին պատճառել նաև Վարդավառի փողոցի մի բնակչի, որի նկուղից դարձյալ կենցաղային իրեր էին հափշտակել։
2019 թվականի ապրիլի 25-ին Փարաքար գյուղի մի կիսակառույց ռեստորանային համալիրից էին գողություն արել՝ պատճառելով 1 միլիոն դրամի գույքային վնաս։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Սահյան փողոցի մի տան բակից էլեկտրական սղոց, ջեռուցիչ, տարբեր գործիքներ ու տարաներ էին գողացել։ Վնասի չափը մոտ 100 հազար դրամի էր։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները եկել էին այն համոզման, որ նույն մարդու ձեռքի գործն է։ Որոշվեց ուժեղացնել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների համագործակցությունը, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումը գյուղացիների հետ:
Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Փարաքար գյուղի 40-ամյա մի բնակիչ։
Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։