Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կոմունիկացիաների հետ կապված աշխարհաքաղաքական իմաստով,կարևոր գործընթացներ են ընթանում: Առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարհաքաղաքական դասավորածության կարևորագույն գործոններից մեկը: Քննարկենք Վրաստանին վերաբերվող զարգացումները:

Երկար ժամանակ Վրաստանը Կովկասի միջանցքի դերն էր կատարում կամ, եթե ավելի պատկերավոր ձևակերպենք, Կովկասի դուռն էր, ու դա է նրա տնտեսական ու աշխարհաքաղաքական հիմնական նշանակությունը: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական շահառուն Վրաստանն էր, սակայն հիմա պատկերը կարող է փոխվել, ու արդյունքում Վրաստանը դերը կարող է ի չիք դառնալ:

Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Դա և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական ազդեցություն է կարող ունենալ:

Պատահական չէ, որ Վրաստանում արդեն սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը:
Սակայն Վրաստանն իր արտաքին քաղաքականության փոփոխության դեպքում կարող է վերականգնել իր դերը: Եթե Նախիջևանով Իրան, հետևապես՝ Չինաստան, Պարսից ծոց, անգամ Հնդկաստան երկաթուղին աշխատի, ապա դա միակ հնարավորությունը կլինի և Աբխազիայի երկաթուղին աշխատեցնելու ու տրանզիտի համար գումար ստանալու, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում կմեծանա Վրաստանի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական կախվածությունը, նաև կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականությունը:

Դա ինչ կտա մեզ, ինչ չի տա, Արցախի հարցում ինչ հնարավորություններ ու կորուստներ կարող են լինել՝ քննարկման հարց է (նաև կարևոր է ունենալ ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, ինչը չունենք այս պահին), սակայն ակնհայտ է, որ լայնածավալ աշխարհաքաղաքական դասավորվածության փոփոխություններ են սկսվել»:

Տեսանյութեր

Լրահոս