«Մարությանի փոխարեն ով էլ լինի՝ որևէ բան չի փոխվելու. նույն ուսապարկերն են». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ պատրաստվում է մեծ գործ՝ «Գազելների» գնման ատկատների հետ կապված:

«Չեմ կարող պնդել, իհարկե, որ դա իրողություն է, բայց այնուամենայնիվ, կան խոսակցություններ, որ քանի որ այս պահին ռազմական դրություն է երկրում, և չեն կարող անվստահություն հայտնել քաղաքապետին, դա կարող է լինել խթան, որպեսզի ստիպեն՝ տա հրաժարական, այլապես կհարուցվի գործ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ, ըստ տարբեր խոսակցությունների` Հայկ Մարությանի ղեկավարած և առաջնորդած խմբակցությունից կա մարդ, ում խմբակցությունը պատրաստում է՝ որպես հաջորդ քաղաքապետ.

«Այդ մարդը նույնիսկ հանդիպումներ է ունենում քաղաքապետարանի ներսում` քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Այդ մարդը Արմեն Կոտոլյանն է»:

Հարցին՝ մամուլում տեղեկություններ կան, որ Արմեն Կոտոլյանն իմքայլական Արփի Դավոյանի հովանավորյալն է, արդյո՞ք նա Արփի Դավոյանի շնորհիվ է դարձել ավագանու անդամ, ինքը տեղյա՞կ է՝ Թեհմինա Վարդանյանն այսպես պատասխանեց.

«Գիտեք՝ երևի մենք վերջին շրջանում մի փոքր գերագնահատում ենք Արփի Դավոյանին կամ առհասարակ՝ ուսապարկերից որևէ մեկին: Ես ուսապարկ ասելով՝ չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, որովհետև եթե իրենց խոսնակն իրենց բոլորին անվանել է ուսապարկ, և այդ ուսապարկերից որևէ մեկը չի հանդգնել հաշիվ պահանջել, որ՝ ո՞ւմ ես ասում ուսապարկ, ի՞նչ իրավունքով, եթե իրենք այդ մտքի հետ հաշտ են, ենթադրում եմ, որ կարող ենք մենք էլ իրերը կոչենք իրենց անունով: Չեմ կարծում, որ տիկին Դավոյանն այդքան ունակություններ ունի՝ որևէ մեկին, լինի հովանավորյալը, թե անկախ սեռից և գործունեության տեսակից՝ ինչ-որ մեկին առաջ բրթի, հիշենք, որ տիկին Դավոյանը ոչ վաղ անցյալում եղել է «Ելք» խմբակցության գործավարուհին, թե ինչ աճ է արձանագրել հետհեղափոխական շրջանում և մեր օրերում, այնուամենայնիվ, ես հակված չեմ այդ մտքին»:

Նա ընդգծեց՝ Հայկ Մարությանի փոխարեն ով էլ լինի՝ որևէ բան չի փոխվելու. «Նույն ուսապարկերն են: Մեծ մասն անդեմ մարդիկ են, կիսամարդիկ են, որովհետև ոչ մեկը չունի սեփական դեմք, սեփական կարծիք, սեփական մտածողություն»:

Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ Հայկ Մարությանն իրեն հնարավորինս հեռու է պահում իր թիմից և փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել.

«Բայց յուրաքանչյուր մարդ, եթե չլինի դա այս իշխանությունների օրոք, ապա շատ շուտով, հաջորդ իշխանությունների օրոք, պատասխանատվության է ենթարկվելու: Այսօրվա իշխանություններին յուրաքանչյուր ծափ տվող և Ֆեյսբուքում սրտիկող միանշանակ ենթարկվելու է պատասխանատվության, որովհետև այդ թվում՝ իրենք բերեցին և երկիրը հասցրին այս իրավիճակին՝ փակելով աչքերն ամեն ինչի առաջ, ինչ արել է Փաշինյանը, և ինչ անում է Մարությանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս