Apple-ը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել առաջին ֆինանսական եռամսյակում
Ամերիկյան Apple-ն առաջին ֆինանսական եռամսյակում զուտ շահույթի ռեկորդային ցուցանիշներ է գրանցել մեկ բաժնետոմսի եւ հասույթի հաշվով՝ iPhone-ի նոր շարքի նկատմամբ բարձր հետաքրքրության շնորհիվ, որն ընկերության կողմից ներկայացվել է 2020 թվականի հոկտեմբերին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում նրա մյուս արտադրանքների կայուն պահանջարկի շնորհիվ։
Apple-ի եռամսյակային հասույթն ընկերության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը՝ iPhone-ի, կրիչ սարքերի եւ թվային ծառայությունների ռեկորդային վաճառքների ֆոնին: Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, 2020 թվականի դեկտեմբերի 26-ին ավարտված եռամսյակի ընթացքում հասույթն ավելացել է 21 տոկոսով՝ մինչեւ 111,44 մլրդ դոլար:
Փորձագետները, որոնք հարցվել են FactSet-ի կողմից, այդ ցուցանիշը միջին հաշվով կանխատեսել են 103,27 մլրդ դոլարի մակարդակով: Apple-ի զուտ շահույթն անցած եռամսյակում աճել է 29 տոկոսով՝ մինչեւ 28,76 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 22,24 մլրդ դոլարի համեմատությամբ: Մեկ բաժնետոմսերի հաշվով շահույթը կազմել է 1,68 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,25 դոլարի համեմատությամբ:
iPhone-ի վաճառքներից Apple-ի եռամսյակային հասույթը բարձրացել է 17 տոկոսով՝ մինչեւ 65,6 մլրդ դոլար (վերլուծաբանների կանխատեսումները՝ 59,53 մլրդ դոլար): Ընկերությունը տոնական տարեշրջանի նախաշեմին ներկայացրել է 5G-ով աջակցմամբ չորս սմարթֆոններից բաղկացած շարք: «Անցած եռամսյակում մենք երկնիշ աճ ենք գրանցել յուրաքանչյուր կատեգորիայում, ինչը հասույթի ռեկորդային ցուցանիշների է հանգեցրել է մեր յուրաքանչյուր աշխարհագրական սեգմենտում,-հայտարարել է Apple-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին:-Արդյունքում մեր գործառնական դրամական հոսքը եղել է ռեկորդային 38,8 մլրդ դոլար, եւ մենք բաժնետերերին ենք վերադարձրել 30 մլրդ դոլար»:
Ընկերությունը, առաջին ֆինանսական եռամսյակի արդյունքներով, 0,202 դոլարի չափով շահութաբաժիններ կվճարի մեկ բաժնետոմսի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: