Հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողներից են. նրանց առողջական վիճակը լավ է
Բաքվից հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։
«Անուն–ազգանունները կհրապարակվեն։ Հինգն էլ Շիրակի մարզի 62-ի ցուցակից են, այդ 62-ից առաջին խումբն էր սա»,– ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ նրանց նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական մեղադրանքները բարդացրել են զինծառայողների վերադարձման գործընթացը, բայց այն, որ առաջին խումբը արդեն Հայաստանում է, նշանակում է` գործընթացը առաջ է գնում։
«Ես տղաներին տեսա, նորմալ են, առողջական վիճակը լավ է, հիմա բժշկական հետազոտություն են անցնում, իսկ դրանից հետո արդեն կհանդիպեն ընտանիքների հետ», – ասաց նա։