«Այսօրվա թիվ մեկ պատասխանատուին ֆուտբոլի գնդակի նման բոլորը տշում են, նա ոչինչ է». Գևորգ Գևորգյան

«Թշնամին շատ լավ գիտի, որ ինքը չի հաղթել այս պատերազմում, շատ լավ գիտի, որ մեր թիկունքի հետևում դավադրաբար բացվեցին դարպասները և ներթափանցելով՝ իրենք կարողացան հասնել որոշակի հաջողությունների, բայց դա ժամանակավոր է: Հայոց բանակը ամուր և հզոր է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Մարդիկ կան, որ մտածում են՝ ամեն ինչ ավարտվեց. չէ, ժողովուրդ ջան, ոչինչ չի ավարտվել, այս ամենը սկիզբն էր, որովհետև քանի այս իշխանությունը դեռ պաշտոնավարում է, թուրքը շատ մեծ ախորժակ ունի: Եթե վերջին իրադարձությունները տեսնում եք, թիվ մեկ պատասխանատուին ֆուտբոլի գնդակի նման բոլորը տշում են աջից ձախ, որովհետև ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ ինքը վերադառնում է Հայաստան և շարունակում դավաճան հայտարարություններն ու ներքաղաքական սրումները, բախումները: Ինքն ամեն օր մնալով՝ շարունակում է այն ծրագիրը, ինչի համար եկել է: Քանի այս իշխանությունը պաշտոնավարում է, թուրքերը նոր ոտնձգությունների կգնան, որովհետև նրանց վստահությունը մեծ է, որ կարող են էլ ավելի մեծ հաջողությունների հասնել: Այնպես որ, քանի սա կա, ոչ մի անվտանգության մասին խոսել հնարավոր չէ»,- ընդգծեց նա:

Ռազմական գործչի խոսքով՝ փետրվարի 1-12-ը Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունները, առաջին հերթին, ավելի շատ ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ է կապված.

«Չեմ բացառում, որ սա փոքրիկ ատամ ցույց տալ է Ռուսաստանին: Այս իշխանության համար առաջին խնդիրն այն էր, որ պետք է իրենք ամեն հնարավոր ճանապարհով հեռացնեին այս տարածաշրջանից Ռուսաստանին, իրենց հաջողվել է ոչ թե Ռուսաստանին հեռացնել, այլ մեզ վատ վիճակում դնել, որովհետև եթե դու ամուր գործընկեր չես, քեզ հետ խոսելու իմաստը կորչում է. Դա իրենց հաջողվեց: Երկրորդ քայլը՝ իրենք փորձում են Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի սրել: Իհարկե, Թուրքիան դեռ չի կարող Ռուսաստանի դեմ դուրս գալ, մինչև չստանա ՆԱՏՕ-ի ամբողջական «դաբրոն», բայց կարող է երկու-երեք օր ուշանալու դեպքում Թուրքիան էլ չկարողանա շնչել:

Հայաստանի համար սա նույնպես ազդակ է, որ թուրքը ոգևորվել է, ուրեմն՝ ինքը մեծ ցանկություններ ունի: Այսօր խոսում են, որ հնարավոր չէ Արցախի և Հայաստանի խնդիրը լուծել, որովհետև ստորագրել է, բայց ո՞վ է ստորագրել՝ դավաճանը, հետո՞ ինչ, որ ստորագրել է, իր ստորագրությունն ի՞նչ է փոխում: Մենք հնարավորություն ունենք փոխելու: Քաղաքականությունը մարդկային փոխհարաբերության նման է՝ եթե քո դիմաց տղամարդ է նստած, նորմալ մարդ է նստած, որ կարողանում է իր խոսքի տերը լինել, պայմանավորվածություններ ճիշտ ձեռք բերել, հավատարիմ լինել բոլոր գործընկերներին, ճիշտ լինել, քեզ հետ ճիշտ ընկերություն են անում. Նույնն էլ քաղաքականությունն է»:

Դիտարկմանը՝ ասում են, որ այս հայտարարության այլընտրանքը պատերազմն է, նա արձագանքեց. «Նրանք հասարակության որոշակի հատվածի արդեն վշտով և ցավով խեղդել են, այդ մարդիկ իրենց վշտից ելնելով՝ չեն ուզում պատերազմ՝ թքած ունենալով ամենի վրա, բայց դա իրենց ցավն է խեղդում, որ չեն տեսնում՝ պետականության կորուստ է: Ոչ ոք չի ուզում՝ իր որդին որտեղ զոհվել է, այդ տարածքով այսօր իր սրբապիղ ոտքերով թուրքը քայլի, ոչ մի ծնող դա չի ուզում: Բայց քանի որ այսօր իր մեջ դեռ ցավն է, նա դա չի տեսնում: Իսկ այս թուրքի հարճը դրանով խաղում է այդ մարդկանց զգացմունքների հետ, այդ մարդկանց զգացմունքների հիման վրա է նա դեռ իշխանավարում, պառակտում և փորձում ոչնչացնել հայոց պետականությունը»:

Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդը հիմա պետք է համախմբվի. «Եթե դուք մտածում եք ձեր, ձեր սերունդների, ձեր պապերի գերեզմանների մասին, չեք ուզում, որ թուրքը պղծի, ինչպես դա անում է Արցախում, եթե ձեր հայրենակցի ցավը ձեզ դեռ չի հասել, գոնե մտածեք, որ հասնելու է ձեզ, և մի թույլ տվեք, որ այս իշխանազավթները մնան, որովհետև իրենք միայն եկել են սպասարկելու թուրք-ադրբեջանական շահը: Իրենց ոչ մի քայլ, ոչ մի ելույթ չի նպաստում հայ ժողովրդի անվտանգությանը և հայոց պետականության շահից չի բխում: Այսօրվա թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի գնդակ է, ոչ մեկ է, ինչքան դուք լուռ մնաք, այնքան մեր պետականությունն է ոչնչանալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս