Ընտրությունների գնալու միակ պատճառն այն է, որ Փաշինյանը մնա իշխանության. Իսկանդարյան
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ծրագրում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծելով՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մի խումբ կուսակցություններ հայտնել են, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, ապա իրենք չեն մասնակցի: Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ 3 լրատվամիջոցի տված իր հայցազրույցում, պատասխանելով հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հարցին, ասաց՝ եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ, «մասնակցելու ենք և կրելու ենք»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների պահանջ չէր լինի, եթե չլիներ լեգիտիմությունը պահելու հարց:
Նրա խոսքով՝ այս խորհրդարանը չի արտահայտում հանրության շահերը, անգամ չի արտահայտում հանրության մի մասի շահերը, այլ արտահայտում է այն տրամադրությունը, որը կար հանրության մեջ 2018թ․:
«Ընտրությունները կազմակերպվում են նրա համար, որ Փաշինյանը մնա իշխանության: Այս ընտրությունները կազմակերպելու այլ շարժառիթ չկա»,- «Ինչո՞ւ է ներդրվում Ազգային ժողովն ինքնալուծարելու մեխանիզմը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս խորհրդարանը, որը քաղաքագետն անվանում է «անհայտ խորհրդարան (unknown parliament), դեռևս շարունակում է մնալ մինչ այս եղած խորհրդարաններից ամենաանհայտ կազմով խորհրդարանը:
«Եթե 2018-ին Փաշինյանը բացարձակապես բոլորին, նրանց 100%-ին փոխարիներ այլ մարդկանցով, նրանք ևս կընտրվեին: Խորհրդարանում կար ու կա լեգիտիմություն՝ ոչ թե ժողովրդի առաջ, այլ՝ ղեկավարի, Փաշինյանի առաջ»,- նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, թե այժմ հասկանալի է, որ Փաշինյանին ու գործող իշխանությանն աջակցողների թիվը փոքր է:
Ըստ Իսկանդարյանի՝ այն, ինչ այսօր երկրում կատարվում է ընդդիմության կողմից, շատ նման է այն ամենին, ինչ կատարվում էր 2018թ․ Նիկոլ Փաշինյանի կողմից, պարզապես դրայվն է պակաս: «Վուվուզել» չկա, կանացի ներքնազգեստ ոչ ոք տեսախցիկների վրա չի փակցնում: Բայց եթե չլինի «Նիկոլ, հեռացիր»-ը, ընդդիմության գործողություններում այլ ասելիք քաղաքագետը չի տեսնում: Անգամ հնարավոր արտահերթ ընտրությունների ու փոփոխությունների արդյունքում Ալ. Իսկանդարյանը կարծում է, որ կունենանք թույլ իշխանություն, թույլ ընդդիմություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում