Ադրբեջանի հետ շփումներում փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը։ Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը:

«Բարդ աշխատանք է: Շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բայց, իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան այդ հարցի հետ կապված, խնդրի լուծման համար այդ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ շփումներում փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս