«Առանց ընտրակեղծիքների հազիվ թե «Իմ քայլ»-ին հաջողվի պահպանել իշխանությունը»․ Արմեն Բաղդասարյան

Առանց վարչապետի պաշտոնում մեկ այլ թեկնածուի նշանակման հնարավորության արտահերթ խորհրդանական ընտրությունների գնալու՝ «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի չհաջողված առաջարկից հետո իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը ծրագրում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծելով՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ իշխանություններն արդեն հասկացել են, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ու խորհրդարանի ինքնալուծարման գործընթացը՝ որպես հնարավոր ճանապարհ ընտրելով, մի քանի հարց են փորձում լուծել: Առաջինը, ըստ վերլուծաբանի, լեգիտիմության վերահաստատման անհրաժեշտությունն է:

«Բայց իշխանությունների համար կարևոր է, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, որովհետև նրանք իրենց իշխանությունը պահելու շատ լուրջ խնդիր կունենան ընտրությունների միջոցով, եթե չօգտագործեն վարչական ռեսուրսներն ամբողջությամբ: Դրա համար շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ վարչապետ:

Երկրորդ, նրանց, ըստ երևույթին, պետք է խորհրդարանական նոր խմբակցություն, որովհետև, այո՛, կասկածներ կան, որ այս խմբակցությունը միատարր չէ, հասկանալի չէ, թե ինչից է կազմված, այնտեղ քաղաքական լուրջ դեմքեր, մեծ հաշվով, չկան, ինչպես հեգնանքով նշում են հենց իրենք՝ ուսապարկեր են, նրանց պետք է ավելի լուրջ կազմ՝ խորհրդարանական խմբակցության, և սա երկրորդ պատճառն է, որ իշխանությունները կցանկանան արտահերթ ընտրություններ անցկացնել:

Կհաջողվի՞ նրանց պահպանել իշխանությունը, թե՞ չէ, ես լուրջ կասկածներ ունեմ: Առանց ընտրակեղծիքների հազիվ թե նրանց հաջողվի պահպանել իշխանությունը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով, ընտակեղծիքներ ասելով՝ պետք չէ պարզ հասկանալ թվանկարչությունը, լցոնումներն ու ընտրակաշառքը: Վերլուծաբանի խոսքով՝ ընտրակեղծիք է անգամ հասարակությանը խաբելը, հայտարարելը, թե կա 3 միլիոն վարչապետ, իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս