Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր)՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

«Երեկ ուշ երեկոյան հրապարակվել է դատարանի որոշումը: Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը: Որոշմանը դեռ չեմ հասցրել ծանոթանալ, ոչինչ չեմ կարող ասել դրա բովանդակության մասին: Ամեն դեպքում շնորհակալ եմ ես դատարանին, որ ընդհանուր առմամբ որոշման վերջնամասով արդար դատական ակտ է կայացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանի պաշտպան, փաստաբան Կարեն Եսայանը:

Փաստաբանը չցանկացավ գնահատականներ տալ ԱԱԾ ներկայացրած միջնորդության հիմքերին, նշեց, որ խափանման միջոցի միջնորդության մասին իր դիրքորոշումը համահունչ է մեղադրանքի մասին դիրքորոշմանը:

«Ես չտեսա այն նյութերը, որոնք կհիմնավորեին, որ նախ առկա է հիմնավոր կասկած, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, և երկրորդ, ես չտեսա նաև այն նյութերը, որոնք պետք է հիմնավորեին, որ իմ պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանավորումը»,- ասաց փաստաբան Կարեն Եսայանը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ Արագածոտնի նախկին մարզպետի կողմից չարաշահումների դեպք բացահայտելու մասին: Սարգիս Սահակյանը եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրի Սահակյանի և Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի հետ, մեղադրվում է առերևույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու համար: Ըստ հաղորդագրության՝ 2005թ.-ին 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը 2013թ.-ին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին վաճառվել է մոտ 140 միլիոն դրամով՝ գույքային վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ինչպես նաև նրա եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս