Հաղթել են Նժդեհն ու Մոնթեն, հաղթել են Ադամն ու Ռոբերտը. Սուրիկ Խաչատրյան
Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախյան պատերազմը մեզ պարտավորեցրեց հիմնել մի կառույց, որը պիտի իր ուսերին կրեր թշնամիներով շրջապատված երկրի պաշտպանության սուրբ պարտականությունը։ Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը հարազատ ժողովրդի անվտանգության ապահովումն է, որն էլ նպատակից գործ դարձավ և արդյունքում հայոց բանակի կազմավորման հիմքը դրվեց։
Այդ օրից անցել է 29 տարի և այդ տարիները, ընդհանուր առմամբ, եղել են անշեղ վերելքի տարիներ:
Հայոց բանակը իր կազմավորումից հետո շատ լուրջ պատասխանատվություն է վերցրել իր վրա։
Երւտասարդ, բայց մի քանի պատերազմի թոհուբոհով անցած մեր բանակը միշտ պատվով է կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Չեմ ուզում անդրադառնալ 2020 թ֊ի խայտառակ կապիտուլիացիային, որովհետև այս պատերազմում հայրենիքի համար մինչև կյանքի վերջ պայքարող հայ զինվորն արդեն իսկ հաղթել է։
Հաղթել են Նժդեհն ու Մոնթեն, հաղթել են Ադամն ու Ռոբերտը, հաղթել են Մենուան ու Ալբերտը….
Նոր հաղթանակների ժամանակներն էլ են գալու, վստահեցնու՛մ եմ, մենք բարձրացնելու ենք մեր խոնարհված գլուխը, շտկելու ենք մեջքն ու գրանցելու ենք փառավոր հաղթանակներ։
Այս կարևորագույն օրը ուզում եմ մեր ժողովրդին առաջին հերթին մաղթել հավատ, միասնականություն և ուժ՝ առաջ շարժվելու համար։ Թող անսասան լինեն մեր երկրի սահմանները, թող ամբողջական Հայաստանը դառնա հայերի բնօրրանը։
Մենք դեռ անելիք ունենք ու նոր հաղթանակները դեռ առջևում են։
Սուրիկ Խաչատրյան