«Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հայո՛ց բանակ, մեր սիրելի՛ զավակ,

Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ մի պարագայում իր զավակին չի ուրանում և հատկապես դժվար պահին միայնակ չի թողնում:

Մեր ժողովուրդն իր զավակին մեծացրել է զրկանքների գնով, անասելի փորձությունների ենթարկվելով և հայրենանվեր զավակ է դաստիարակել:

Ուստի, այսօր անվարան ասում եմ՝ շնորհավոր օրդ, Հայո՛ց բանակ: Քո ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած իմ մարտական ընկերների և զինակիցների անունից ասում եմ քեզ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, իսկ մինչ այդ՝ վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացրելու համար, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը: Եվ այսօր հազարավոր ծնողներ քո սխրագործություններից դրվագներ են պատմում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե ով և որտեղ քեզ մոլորեցրեց ու ծուղակը գցեց:

Թշնամին, որ մշտապես քեզնից վախեցել է, լավ գիտի, թե ինչ նենգ միջոցներով է իր նպատակին հասել: Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը: Դու եղել և մնում ես մեր անկախ պետականության առանցքը, մեր ժողովրդի, Արցախի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը:

Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր՝ դասեր քաղելով անցյալից: Մեր ճանապարհը, որքան էլ դժվարին ու ականապատ լինի՝ ներսից թե դրսից, անցնելու ենք միասին՝ միմյանց ապավինելով, հաղթահարելով բոլոր դժվարությունները:

Մեր մեծ ընտանիքը՝ Հայրենիքը, մեր հերոսների արյամբ ներծծված հողն ու ջուրը, այսօր, առավել քան երբևէ, քո պաշտպանության կարիքն ունի:

Հավերժ փա՛ռք քեզ, փա՛ռք քո փառապանծ ուղին կերտած մեր բոլոր հերոսներին՝ ողջ թե նահատակված:

Տեսանյութեր

Լրահոս