Եթե մի քիչ նամուս և ամոթ ունենային՝ ներողություն կխնդրեին ժողովրդից և կհեռանային․ Ռոբերտ Քոչարյան
Ժամանակը խնայելու համար չեմ թվարկի, թե ինչ խոստումներով այս իշխանությունը եկավ․ ո՞ր խոստումն է կատարել՝ զրո։ Թռիչքաձեւ աճը դարձավ թռիչքաձեւ անկում, ինքնիշխանությունը տրանսֆորմացվեց պրոտեկտորատի, դատարանների հետ տեսաք ինչ եղավ, եւ այնուամենայնիվ, մնում են իշխանության, եւ հույս ունեն վերընտրվել։ Այս մասին 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սեւակ Հակոբյանի (Yerevan-today) եւ Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ժողովրդավարության, ընտրությունների իմաստը ո՞րն է, երբ մի քաղաքական թիմ խոստումներ է տալիս, գալիս է, հետո ժամանակի ընթացքում ստուգարք է հանձնում, եթե չեն հանձնում, գնում են, ուրիշն է գալիս։ Ընտրությունների գաղափարն ընդհանրապես վարկաբեկվում է, հիմա կարող ես խոստումները չկատարել, հետո վերընտրվել։ Յուրաքանչյուր հաջորդ իշխանություն, այս օրինակն աչքի առաջ, կմտածի, որ կարելի է ոչ մի բան չանել, պետությունը քայքայել, հողեր հանձնել, զոհեր տալ հազարավոր, բայց մնալ աթոռին ու վերընտրվել։ Այսօր այն փաստը, որ նրանք մնում են իշխանության, որ ստերը շարունակվում են եւ հանրությունը դա հանդուրժում է, որ մենք արդեն մասամբ ունենք այդպիսի քաղաքական մշակույթ։ Մարդկանց կյանքը չի լավանալու, որովհետեւ այն մոտիվացիան, որ պետք է իշխանության վերնըտրվելու համար, չկա, կարող ես ամեն ինչ ձախողել եւ մնալ աթոռին», ասել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը չի համարում, որ 16 ուժերը չեն հաջողել, նրա խոսքով՝ ամեն ինչ դեռ առջեւում է, հարցն այն է՝ իշխանափոխությունը լեգիտիմ ճանաարհով էր լինելու, թե հեղափոխությամբ։
«Եթե նրանք մի քիչ նամուս ունեին եւ ամոթ՝ ներողություն պետք է խնդրեին ժողովրդից եւ հրաժարական կտային։ Ընտրությունը դրա մեջ է՝ գնալ հերթական հեղափոխության, թե՞ լեգիտիմ ճանապարհով։ Եթե 20-25 պատգամավոր ունենային գոնե մի քիչ հայրենասիրական զգացում, պետք է դուրս գային խմբակցությունից եւ միանային ընդդիմությանը՝ 16 ուժերին։ Սա է մեր գործող քաղաքական էլիտայի որակը․ բոլորին մեղադրում էին պաշտոնների ձգտելու համար, բայց իրենց սուպերսոսնձով կպցրել են աթոռին։ Եվ իշխանությունը պետք է շատ ուրախ լինի, որ այպիսի քաղաքական պրոցես կա, քանի որ մյուս ճանապարհը․․․ երկրում կա 200-300 հազար մարդ, որ կցանկանային նրա հետ վարվել Ռուբեն Գեւորգյանի պես։ Հեղափոխությունը լավ տեղ չի տանում, պետք է գնալ լեգիտիմ ճանապարհով։ Ընդդիմության համար գայթակղությունը մեծ էր գնալ լեգիտիմ ճանապարհով, որովհետեւ պետք էր հավատալ, որ կգտնվեն այդ ֆրակցիայից մարդիկ, որ գոնե մի քիչ սիրում են այս երկիրը, ամոթի զգացում ունեն, պարզվեց՝ այդպես չէ», ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Ընդդիմությունն առաջադրում է իր թեկնածուին, որը չի մասնակցելու ընտրություններին, վարչապետն ասում է՝ անենք արտահերթ ընտրություններ, բայց ես մնամ, բայց նա որ մի խոտումն է կատարել մինչեւ հիմա, ասել է նախկին նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե Հայրենիքի փրկության շարժումը ձախողվել է․ այսպես երկար չի կարող շարունակվել, եթե իշխանությունը խոսում է արտահերթ ընտրություններից՝ արդեն առաջընթաց է, ասել է նա։