Մանրամարդկանց ժամանակը
Հիմա քաղաքական մանր առևտրի ժամանակներ են։ Նիկոլ Փաշինյանը, որ պատերազմի արդյունքներով հաջողել է մեծ-աշխարհաքաղաքական գործարքում, այսօր զբաղված է ներսում մանր պսևդոքաղաքական ուժերի միջոցով իշխանության վերարտադրության գործընթացով։ Հնարավոր է՝ հաջողի։
Բայց Հայաստանի խնդիրը քաղաքականությունը չէ, կամ միայն քաղաքականությունը չէ։ Խնդիրը մանրությունն է ընդհանրապես։
Հայաստանում մանր է ամեն ինչ։
Մանր ու ճղճիմ են մարդկային հարաբերությունները, մանր են խնդիրներն ու դրանց լուծմանը խոչընդոտող մանր պատասխանատուները։ Մանր են մարդկանց երազանքներն ու սպասումները։ Մանր է հայրենիքը՝ ընդհանուր առմամբ՝ դրան համարժեք հայրենասիրությամբ կամ դրա բացակայությամբ։
Մենք ապրում ենք մանր մարդկանց ժամանակներում, որոնք իրենց մանրությամբ մանրադրամի են վերածել նաև պետությունը։
Մանրությունը կործանող հոգեվիճակ է, հատկապես ու առավել ևս, երբ դառնում է պետական քաղաքականության ուղենիշ։
Հայաստանում, ի թիվս բազմաթիվ այլ ճգնաժամերի, իսկ գուցե բոլորից առաջ, առկա է մարդու ճգնաժամ՝ բառի ինչպես՝ ուղիղ, այնպես էլ՝ փոխաբերական իմաստով։ Եվ խնդիրն անգամ լավ մարդու մասին չէ, խնդիրն ուղղակի մարդու, մարդ տեսակի, մարդու միջին ընկալման մասին է, որն ամեն օրվա հետ հեռանում է Հայաստանից։ Մանրությունն անտեսանելի ձեռքով կործանում է մեզ։ Այն ամենուր է՝ սկսած քաղաքականությունից՝ մինչև մշակույթ, տնտեսական կյանքից՝ մինչև գիտություն ու պարզ կենցաղ։
Մարդիկ պակասում են Հայաստանից անգամ այն դեպքում, երբ ավելանում է նրանց ֆիզիկական թվաքանակը։ Ներկայիս իշխանության ներկայացուցիչները՝ անհատապես և հավաքականորեն, մարդու դեֆիցիտի ցցուն արտահայտություններ են։
Նրանք խոսում են ամեն ինչի, բայց իրականում ոչնչի մասին, մենք ամեն օր սպառում ենք հավաքական տգիտության անհատական արտադրանքը, որը ճոռոմաբար անվանում ենք քաղաքական օրակարգ։ Ու այդ օրակարգ կոչվող ճահճի պայմաններում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, որոնց հիմնական բովանդակությունը կրկին լինելու է մանրությունը՝ մանր մարդկանցով ու կուսակցություններով, մանր խոստումներով ու մեծ խաբեությամբ։
Մանր մարդիկ սովորաբար մեծ ավանտյուրիստներ են։
Հայաստանին անհրաժեշտ է մեծություն, մասշտաբ՝ առաջին հերթին՝ մարդկանց, մարդկային հարաբերությունների, բայց նաև գաղափարների, մտքի, արժեքների տիրույթում։ Առանց մեծանալու մանրությունը խորտակելու է Հայաստանը վերջնականապես, որովհետև մանր մարդիկ ավելի են մանրացնելու իրենց գոյության համար այդքան անհրաժեշտ մանր իրականությունն ու միջավայրը։
Նոմինալ էլիտայի տեղը մանրությամբ ու մանր մարդկանցով զբաղեցված լինելու պարագայում գործնականում հնարավոր չէ ձերբազատվել նաև հանրության ու պետության մանրությունից։ Դա հակացուցված է մանր պսևդոէլիտային, որն ամեն ինչ անում և անելու է մանրության բարգավաճման համար։
Արտահերթ ընտրությունները բազմապատկելու են Հայաստանի մանրությունը։
Հարություն Ավետիսյան