«Նիկոլ Փաշինյանը, Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը և մնացած բոլոր ապիկար անձինք հավանաբար ոչինչ չեն հասկանում». փորձագետ

168.amի հետ զրույցում անդրադառնալով Կարսում փետրվարի 1-12-ը տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ այդ զորավարժություններն ունեն մի շարք նպատակներ՝ սկսած բարոյահոգեբանական ճնշումից, մինչև ռազմական ագրեսիա։

«Զորավարժությունները նախ նպատակ ունեն հայ հանրության վրա թողնել բարոյահոգեբանական ազդեցություն, քանի որ Թուրքիան սահմանում զորավարժություն է անում այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն ակտ։ Դրանից զատ, Թուրքիան իր զորքին սովորեցնում է մարտական գործողություններ այս տարածաշրջանում, այսինքն, երբ որոշեն սկսել պատերազմ, խնդիր չեն ունենա, որովհետև զգաստ ու պատրաստ են լինելու, գիտեն, թե ով ինչ խնդիր է լուծելու, ու ինչ առաջադրանք են կատարելու»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են ռազմական գործողությունների, դա կլինի վաղը, թե մեկ ամիս հետո, դժվար է ասել, քանի որ պատերազմի գնալը կախված է աշխարհաքաղաքական շատ գործոններից։

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ հայկական կողմը ոչինչ չի անում։

«Օրինակ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ մի վախեցեք, իշխանությունը  որևէ կերպ չի հասկանում ու գիտակցում վտանգն ու առաջարկում է, որ մենք ազգովի աչք փակենք այդ վտանգի առջև։ Այսինքն՝ նրանք չեն վախենում, որովհետև տգետ են, մեզ էլ առաջարկում են, որ աչք փակենք այդ վտանգի վրա, ու փորձում են մեզ էլ այդ ճանապարհով տանել»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը պատմությունից դասեր չի քաղում։

«Նիկոլ Փաշինյանը, Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանը և մնացած բոլոր ապիկար անձինք, որոնք այսօր լուծում են ՀՀ ճակատագիրը, նրանք հավանաբար ոչինչ չեն հասկանում։ Նրանց խոսքը, արարքները թույլ չեն տալիս ասելու, որ գիտակցում են այդ վտանգները և փորձում են դրանք չեզոքացնել։ Այս համատեքստում ցանկանում են ճանապարահներն ապաշրջափակել, հաշվի չառնելով որևէ վտանգ, քանի որ փողի ձայն են լսել, որը չեն ստանալու։ Այսինքն՝ մտածում են, որ տրանզիտից գումարներ կստանան, որը, իհարկե, չեն ստանալու, քանի որ այսքան ժամանակ չեմ տեսել, որ Հայաստանի հետ որևէ մեկը պայմանագիր կնքի։ Խոսքը միայն Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան պայմանավորվածությունների մասին է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը Թուրքիան Կարսի նահանգում մեծ զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի մեծ թվով զինվորականներ։ Ինչպես տարածում են թուրքական լրատվամիջոցները, այդ զորավարժությունների ընթացքում Թուրքիան փորձարկելու է նոր սպառազինություն։

Տեսանյութեր

Լրահոս