Վազգեն Մանուկյանն անհրաժեշտության դեպքում կհրավիրվի ոստիկանություն. փոխոստիկանապետ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու, Հայաստանի Երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ արարատցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «հիմա գնում ենք սահմանադրական ճանապարհով, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել»:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է հասկանում ապստամբություն ասելով, նա ասել է․«Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը, գրավելը և զոռով իշխանության փոխելը՝ առանց ֆիզիկական բռնության, իհարկե»:

Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իրավապահ համակարգը տեղյա՞կ է պլանավորվող գործողությունների մասին ու ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

«Մենք մշտապես ապահովում ենք անվտանգությունը, թե՛ հասարակության անվտանգությունը, և թե՛ կարևորագույն օբյեկտների անվտանգությունը:  Եվ դա՝ տվյալ կառույցների ապահովությունը, մշտական պրոցեսի մեջ է  գտնվում»,- ասաց Արա Ֆիդանյանը:

ՀՀ ոստիկանապետի տեղակալի խոսքով՝ հետագայում ավելի պարզ կլինի՝ Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունը հանցավոր տողատակեր ունե՞ր, թե՞ զուտ քաղաքական հայտարարություն էր: Արա Ֆիդանյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը կկատարի հայտարարությանն առնչվող անհրաժեշտ բոլոր գործողությունները:

Հարցին՝ Վազգեն Մանուկյանին ոստիկանություն հրավիրելու անհրաժեշտություն կա՞՝ բացատրություն կամ պարզաբանում տալու համար, փոխոստիկանապետը պատասխանեց.

«Դա ընթացքում արդեն կերևա: Եթե դրա անհրաժեշտությունը եղավ, իհարկե»:

Արա Ֆիդանյանի խոսքով՝ գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար հիմքեր են անհրաժեշտ: Եթե լինեն սահմանադրական տապալման ռիսկեր, որը, ըստ Ֆիդանյանի, հիմք է, ոստիկանությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները:

Լրագրողների հարցին, թե 2018 թ․ ինչո՞ւ չէին ապահովել «Ռադիոտան» շենքի անվտանգությունը, երբ կոտրել էին շենքի դուռն ու ներխուժել էին պետական պաշտպանության տակ գտնվող շենք, նա արձագանքեց՝ հորդորելով լրագրողներին այդ հարցն ուղղել 2018թ․ պատասխանատու անձանց:

Տեսանյութեր

Լրահոս