«Բայց ինչո՞ւ պետք է հայտարարեն բոլոր փաստաթղթերի մասին․․․ Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԳՆ-ի՝ հունվարի 26-ի հայտարարությանը, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ավելի վաղ այդ մասին չէր հայտարարվում: Ի պատասխան նա ասել է․ «Բայց ինչո՞ւ պետք է հայտարարեն բոլոր փաստաթղթերի մասին: Բազմաթիվ փաստաթղթեր են գողացել, անձնական իրեր են գողացել: Ես նույնիսկ համարում եմ, որ սխալ էր հայտարարել, որ օծանելիք կամ ժամացույց են գողացել: Դա միայն քրեական գործով պետք էր հայտարարել»:
Նրա խոսքով՝ գողացված օծանելիքի, ժամացույցի մասին հայտարարվել է, սակայն, ցույց տալու, թե ինչ մարդիկ են եղել և ինչ նպատակ են ունեցել: Սիմոնյանը վարչապետի դիվանագիտական անձնագրի առնչությամբ շրջանառվող այլ լուրերը համարեց ցնդաբանություն: