Առաջարկել ենք Հայաստանում զրահապատ մեքենաների արտադրություն հիմնել, բայց դա չի արվել. Թովմասյան

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանն այսօրվա ասուլիսում, անդրադառնալով այն պնդումներին, որ ինքը զբաղվում է անօրինական զենք-զինամթերքի բիզնեսով, ասաց, որ իր մոտ զարմանք են առաջացրել նման քննարկումները:

«Դուք կասկածելի ոչ մի բան չե՞ք տեսնում, որ մարդը մինչև այս բարեգործությամբ էր զբաղվում, անում էր ինվեստիցիաներ, ոչ մի անօրինական բան չկար, հենց քաղաքականության անուն տվեց, միանգամից սկսեցին ծագել անօրինական ինչ-որ բաներ: Ես ոչ մի անօրինական գործարքների հետ կապ չունեմ»,- ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ 2.5 տարի առաջ Պաշտպանության նախարարության կազմակերպած միջոցառմանը հրավիրել է զրահապատ մեքենաներ արտադրող մի կազմակերպության և առաջարկել, որ սկսեն համագործակցություն մեր ՊՆ-ի հետ:

«Առաջարկել ենք զրահապատ մեքենաների արտադրություն դնել Հայաստանում, որը ոչ միայն քաղաքացիական, այլև ռազմական նպատակով կօգտագործվեր և կամրացներ մեր Հայաստանի պաշտպանության որակը, և Հայաստանը կդառնար նաև զրահապատ մեքենաների արտադրող, որն ամենակարևոր բաներից մեկն է»,- ասաց Թովմասյանը և նշեց, որ կազմակերպվել է իր, Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարարի և այդ ընկերության տնօրենի հանդիպումը, որի ժամանակ իրենք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել, որ Հայաստանում ստեղծվի զրահապատ մեքենաների արտադրություն:

Իսկ ինչո՞ւ չեղավ:

«Այդ հարցը կարող եք տալ Կառավարության անդամներին՝ սկսած վարչապետից, վերջացրած բոլոր հանձնաժողովների անդամներով, նաև Էկոնոմիկայի նախարարին, նրանք երևի ավելի լավ Ձեզ կպատասխանեն, թե ինչո՞ւ այս վերջին 2.5 տարվա ընթացքում դա չի արվել»,- ասաց Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս