«Ո՛չ Ա1+-ը, ո՛չ Հ2-ը լիցենզիայից չեն զրկվել… պարզապես նրանք հրաժարվել են երկրորդ հայտով նշել մայրաքաղաքային ծածկույթը». Տիգրան Հակոբյան

Հունվարի 15-ին ՀՌՀ-ում անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հրապարակվեց հաղթող հեռուստաընկերությունների անունները: Մրցույթի արդյունքում հանրապետական սփռման հնարավորություն ստացան Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն և Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ-ն, իսկ մայրաքաղաքային սփռման համար մյուս 7 սլոթերում լինելու հնարավորություն ստացան Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Արմնյուզ ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Արփի մեդիան, Դար 21-ը, Մո ԹԻՎԻ-ն:

«Այս նոր մրցույթը կայացել է՝ ըստ նոր օրենքի, որտեղ չափորոշիչները գնահատման շատ ավելի հստակ են և նվազեցնում են հանձնաժողովի անդամների սուբյեկտիվությունը՝ հանձնաժողովի կողմից մշակած նոր կարգի: Արդեն 10 օր է անցել, և մրցույթից հետո ազդակները, ուղերձները հասարակությունից, քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից ևս կարող է ապացույց լինել, որ մենք անցկացրել ենք առավելագույնս թափանցիկ և արդար մրցույթ, եթե այդ բնութագրումը կարելի է  այստեղ օգտագործել, որի արդյունքում իսկապես լիցենզիա են ստացել առավելագույնս ուժեղ, մրցունակ, նախորդ 10 տարվա մեջ իրենց գործողությունները ճիշտ կատարած և լավ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները:

Պետք է կրկնեմ վերջին անգամ, որ որևէ ճնշում, իսկ ճնշումները լինում են ոչ միայն իշխանությունից, տարբեր շահագրգիռ կողմերից, քաղաքական ուժերից, հանրային սեկտորից, ֆինանսատնտեսական խմբավորումներից, այս անգամ որևէ այդպիսի ճնշում չի եղել: Բնական է՝ ցանկացած ոք, քաղաքական ուժ, ինստիտուտ կարող է ներկայացնել իր պատկերացումները կամ իր ցանկությունները, սակայն  որևէ այդպիսի կա՛մ պարտադրանք, կա՛մ լոբբինգ մենք չենք տեսել և դա ևս շատ կարևոր առաջխաղացում է, եթե մենք համեմատենք նախորդ մրցույթների հետ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Մրցույթի արդյունքում առավել աղմուկ էր բարձրացրել այն փաստը, որ Հ2 և Ա1+ հեռուստաընկերությունները չէին ստացել հանրապետական սփռում ու չեն հեռարձակվելու: Հանրության մի մասի խոսքով՝ նման փաստն արդարացված չէ: Տիգրան Հակոբյանի խոսքով՝ եթե անցկացվում է մրցույթ, որի մասնակիցներն ավելի շատ են, քան այն «փքաբլիթը», որի համար պայքարում են, լինում են պարտվողներ և հաղթողներ:

«Ո՛չ Ա1+-ը, ո՛չ Հ2-ը լիցենզիայից չեն զրկվել: Այս մեր կանոնակարգերով լիցենզիայից զրկվում են միայն ալիքները, որոնք չեն հաղթահարել գնահատականների, թվանշանների մինիմալ շեմը, այսինքն՝ չեն ստացել 2, որը կփակեր իրենց հնարավորությունը՝ ստանալ սլոթ, սովորել բուհում, ստանալ վարորդական իրավունք, և այլն: Պարզապես և՛ Հ2 հեռուստաալիքը, և՛ Ա1+ հեռուստաալիքը հնարավորություն ունենալով մասնակցել նաև մայրաքաղաքային սլոթերի բաշխմանը, նրանք հրաժարվել են երկրորդ հայտով նշել մայրաքաղաքային ծածկույթը, այնինչ նրանք հավաքել էին բավարար գնահատականներ, որպեսզի այսօր հեռարձակվեին մայրաքաղաքային սլոթում: Ստացել են բավարար գնահատականներ, ես մի քանի անգամ էլ եմ ասել, չեմ ուզում կրկնել, եթե չլինեին ամբիցիաները, եթե չլինեին միգուցե սխալ հաշվարկները, ապա նրանք այսօր այդ հեռարձակման հնարավորությունը կունենային»,- անդրադառնալով երկու հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչող հարցերին՝ ասաց Տիգրան Հակոբյանը:

ՀՌՀ նախագահի խոսքով՝ մրցույթի ընթացքում բոլոր եզրակացությունները, թվանշանները, գնահատման ցուցանիշները բաց են բոլորի համար, ու մի շարք հասարակական կազմակերպություններ ցանկություն են հայտնել աուդիտ անցկացնել:

«Հանձնաժողովին մեղադրելուց առաջ, իմ կարծիքով, այդ երկու հեռուստաընկերությունն առաջին հերթին պիտի մտածեին իրենց պատասխանատվության մասին՝ իրենց հեռուստադիտողի, իրենց ունկնդրի նկատմամբ, և ամեն ինչ անեին, որպեսզի չզրկեին այդ մարդկանց իրենց հաղորդումները դիտելուց»,- հավելեց Տիգրան Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս