ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը. Տաթև Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրախորհրդի անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ի՞նչ պետք է անել դա կանխելու համար. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանն այս հարցադրումն է կատարել վեհաժողովի լիագումար նիստի իր ելույթում: Նա ընդգծել է, որ արցախյան պատերազմից հետո հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին:

«Երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելու Ադրբեջանի բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները: Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն «այսբերգի» գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է»,- նշել է Տաթև Հայրապետյանը:

Պատգամավորի խոսքով, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին: Խնդրի լրջությունը հասկանալու համար նա ներկայացնում է մեկ օրինակ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է:

«Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է: Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,-հավելել է Տաթև Հայրապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս