
Իրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ մյուսներից «մեկ ժամ» անց

Թեհրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ «մեկ ժամ» անց, բայց սկզբում դա պետք է անեն մյուսները: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, արդեն մեկ ժամ անց մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,-ասել է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում, որը ցուցադրվել է իրանական հեռուստատեսությամբ: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Բացի այդ, դեկտեմբերին Իրանում հաստատվել է «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցը» օրենքը, որը կառավարությանը պարտադրում է՝ կասեցնել միջուկային գործունեության՝ ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումները, զգալիորեն բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաեւ ցենտրիֆուգի հարստացման գործընթացում գործել միջուկային գործարքի դրույթներից դուրս: Հիմնական նպատակն է՝ հասնել պատժամիջոցների եւ նավթի արտահանման սահմանափակումների չեղարկմանը եւ ֆինանսական գործողությունների իրագործմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: