«Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»․ Զարիֆ

Տարածաշրջանային այցի շրջանակում ՀՀ է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակել ընդլայնված կազմով: ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է.

«Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»:

Նշենք, որ բացի արարողակարգային նկարահանումներից ԶԼՄ-ների համար՝ նախարարները ճեպազրույց կամ հայտարարություն չեն արել, թեև նախօրեին Մոսկվայում ռուս և իրանցի նախարարները ճեպազրույցներով հանդես եկան:

Տեսանյութեր

Լրահոս