Պատերազմում վիրավորում ստացած մոտ 6000 քաղաքացու կհատկացվի միանվագ 500.000 դրամ աջակցություն

Կառավարությունն այսօրվա որոշմամբ հաստատեց Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց միանվագ աջակցություն հատկացնելու մասին ծրագիրը

Ծրագրով առաջարկվում է միանվագ սոցիալական աջակցություն՝ 500.000 դրամի չափով, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ովքեր, ինչպես նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, օրենքով սահմանված կարգով ստանում են ֆինանսական աջակցություն:

«Սույն կարգավորման իմաստով վիրավորում ստացած զինծառայողների շարքում ներառվում են բոլոր անձինք՝ ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազոր, կամավորներ, այսինքն՝ բոլոր այն անձինք, ովքեր ստացել են վիրավորում և որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց և՛ զինվորական, և՛ նաև քաղաքացիական բուժհաստատություններում»,- կառավարության նիստում հայտնեց Մեսրոպ Առաքելյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի: Ըստ նախարարի՝ իրենց տեղեկություններով՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամության ձեռք բերած անձանց թիվն էլ չի գերազանցում 1000-ը:

Քաղաքացիները ծրագրին կարող են դիմել առավելագույնը 10 օրից, դիմել հնարավոր է  բացառապես էլեկտրոնային տարբերակով:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս