AstraZeneca-ն հերքել է տարեցների վրա իր պատվաստանյութի ցածր արդյունավետության մասին հաղորդագրությունները
AstraZeneca դեղագործական ընկերությունը «միանգամայն սխալ» է համարել գերմանական Handelsblatt եւ Bild թերթերի հաղորդագրություններն այն մասին, որ իր կողմից մշակված պատվաստանյութի արդյունավետությունը 65-ից բարձր տարիքի անձանց մոտ կազմում է միայն 8 տոկոս։
AstraZeneca-ի գրավոր պատասխանում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի պատվաստումների եւ իմունիզացիայի միավորված կոմիտեն աջակցում է պատվաստանյութի օգտագործմանը տարեց մարդկանց շրջանում, եւ պատվաստանյութի նկատմամբ ուժեղ իմունային պատասխանը հայտնաբերվել է հետազոտության մասնակիցների այս խմբի արյան անալիզի արդյունքում: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA), ինչպես սպասվում է, AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառմանը հավանություն կտա մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը:
Եվրամիությունը, ավելի վաղ ստորագրված համաձայնագրին համապատասխան, պետք է պատվաստանյութի 100 մլն չափաբաժին ստանա այս տարվա առաջին եռամսյակում: Բայց երկյուղ կա, որ այն կստանա այդ քանակության միայն կեսը, որը կապված է արտադրական հարցերի հետ: AstraZeneca-ի գլխավոր գործադիր տնօրեն Պասկալ Սորիոյի հետ հունվարի 25-ին կայացած զրույցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ընկերությունից պահանջել է պարտավորագրային պարտավորությունների կատարում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: