Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ:
Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։
Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։
Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի դիտավորյալ ավերման մասին։
Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։
ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։ Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։
ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։
Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։