Բաժիններ՝

Բուխարեստում հունվարի 18-25-ը տեղի է ունեցել ամենամյա էկումենիկ աղոթք

Բուխարեստում 2021թ. հունվարի 18-25-ը տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. «Մնացեք Իմ սիրո մեջ. Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15. 5-9): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից:

Էկումենիկ աղոթքին մասնակցում են Ռումանիոյ հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Հունա-Կաթոլիկ, Հռոմեա-Կաթոլիկ, Գերմանիայի Լութերական Ավետարանական, Հունգար Լութերական, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցիները:

Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված է հետևյալ ընթացակարգով՝

Հունվարի 18 – միասնական աղոթք Ռումին Ուղղափառ եկեղեցում, հունվարի 19 – Հունա-Կաթոլիկ Սուրբ Բարսեղ Մեծ տաճարում, հունվարի 20 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հունվարի 21 – Հունգար Լութերական եկեղեցում, հունվար 22 – Հունգար Կալվին Բողոքական եկեղեցում, հունվարի 23 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, հունվարի 24 – աղոթք բոլոր եկեղեցիներում, հունվար 25 – Հռոմեա-Կաթոլիկ Սուրբ Հովսեփ տաճարում:

Հունվարի 20-ին, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Հայոց Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, որին ներկա էին Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, գերշ. Իերոնիմ եպիսկոպոս Սինաիտուլը, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Կորնել եպիսկոպոս Դամիանը, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլըի ներկայացուցիչը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլոն, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հավատացյալներ, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Խոսքով հանդես եկան Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Կորնել եպիսկոպոս Դամիանը, թեմակալ առաջնորդ Տաթև Սրբազանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին, դատապարտեց ադրբեջանա-թուրքական ագրեսիան հայ ժողովրդի դեմ և բոլոր եկեղեցիների ներկայացուցիչներին խնդրեց աղոթել հանուն խաղաղության, գերիների վերադարձի և վիրավորների առողջության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս