«Մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարց քննելն ընդունելի ու ցանկալի էր միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների համար». Արամ Վարդևանյան

«Եթե ձևական դիտարկենք, Ազգային ժողովի լուծարման վերաբերյալ որոշակի փոփոխություն ԱԺ-ն կարող է կատարել Սահմանադրության մեջ: Չի կարող փոփոխություն կատարել պաշտոնավարման ժամկետի մեջ, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ եմ ասում, որ դա ձևական մեկնաբանություն է, որովհետև Սահմանադրության մեջ նման դրույթ չկա: Դրա պատճառը շատ պարզ է: ՀՀ-ն 2015թ. որդեգրեց խորհրդարանական կառավարման համակարգի ինստիտուտը, որն իրենից ենթադրում է առնվազն մեկ մարմին, որը մշտապես պետք է կայուն լինի. դա օրենսդիր իշխանությունն է՝ որպես առաջնային և միակ մանդատով  օժտված մարմին: Հենց դրա համար չի եղել ինքնալուծարման դրույթ: Չկա նաև ՀՀ նախագահի կողմից ԱԺ-ն լուծարելու դրույթ»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության կողմից Խորհրդարանի ինքնալուծարման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Սահմանադրագետի խոսքով՝ մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ փորձում են նաև այս տրամաբանությունը խեղել:

«Խորհրդարանական համակարգի կառավարման երկրներում կառավարությունները հաճախ փոխվում են, բայց Պառլամենտը պետք է ունենա կայունության լուրջ երաշխիք: Հիմա փորձում են դա էլ խեղել: Ամեն դեպքում Սահմանադրությունն ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխության համար պահանջում է 88 պատգամավորների ձայն»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ պետք է հիշել, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ 88 պատգամավոր չկա:

Սահմանադրագետը նշում է, որ իշխանական պատգամավորները պետք է լավ հիշեն, որ տարածքային, Արցախի հետ կապված զիջումները ու նման տեսակի այլ խայտառակ պրոցեսները տեղի են ունենում առանց Սահմանադրական դատարանի և հենց իրենց՝ Ազգային ժողովի:

«Եվ թող իրենք գիտակցեն, որ մնալով այդ խմբակցության մեջ՝ իրենք այդ պատասխանատվությունը կիսում են: Ես ոչ թե քաղաքական գնահատական եմ տալիս, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ գտնում եմ, որ նման տեսակ ցնցումից հետո մնալով այդ խմբակցության մեջ՝ պատգամավորները կիսում են այդ դիրքորոշումը: Կա փաստ, որ որոշ պատգամավորներ դուրս են եկել: Հիմա այդ դուրս գալու արդյունքում նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ ձայները չկան»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Հարցին, թե բացառո՞ւմ է արդյոք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի այդ գործընթացին, նա պատասխանեց, որ լսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը կողմ չի եղել այդ հեռանկարին:

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և, մասնավորապես, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի առաքելությանը ԲԴԽ-ում՝ Արամ  Վարդևանյանն ասաց, որ դա հերթական քաղաքական գործընթացն էր:

«Այստեղ բացարձակապես չկա իրավական գործընթաց: Պարզապես իշխանական խմբակցությունը ցանկանում էր իրեն շատ հավատարիմ, շատ վստահելի ու կառավարելի անձին գործուղել ԲԴԽ: Անձ, որն ԱԺ-ի իր ելույթում այն աստիճան պրիմիտիվ իրավական խախտումներ էր թույլ տալիս, որ կասկածի տեղիք է տալիս՝ արդյո՞ք հենց ինքն է այն անձը, ով որպես իրավաբան-գիտնական՝ պետք է հանդես գա ԲԴԽ-ում»,- նկատեց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ Գագիկ Ջհանգիրյանի վերջին գիտական աշխատության բովանդակությունն ԱԺ-ում իր ելույթներն են, և պատահական չէ, որ այդ աշխատությունը հրատարակում է «Անտարեսը»:

Ինչ վերաբերում է տարիքային սահմանափակման խնդրին, Արամ Վարդևանյանն ասաց, որ, թեև Սահմանդրությունն այդպիսի արգելք չի դնում՝ ողջամտության կանխավարկածով խնդրի լուծումը թողնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին, որն էլ իր հերթին՝ դնում է տարիքային սահմանափակման արգելքը, ուրեմն այդ դեպքում օրենսդիրը պետք է դիմեր ՍԴ՝ խնդիրը հստակեցնելու համար:

«Ավելի ճիշտ չէ՞ր ռիսկը փարատել, վերջնական որոշում ունենալ, նոր անցնել գործողությունների: Ի՞նչն էր այդ շտապողականության պատճառը»,- նշեց սահմանադրագետը:

Խոսելով Մարտի 1-ի գործով վերջին դատական նիստի ժամանակ իր ու դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ նախագահ Քոչարյանին դատում են արտակարգ դրություն մտցնելու, սահմանադրական կարգը տապալելու համար, բայց դատախազները չեն անհանգստանում, որ նոյեմբերի 9-ից հետո մինչ օրս ռազմական դրությունը դեռ չի հանվել:

«Քովիդով պայմանավորված՝ ոստիկանական զինված ուժեր Երևան քաղաքի կենտրոն բերելը նորմա՞լ էր: Ռազմական դրության բոլոր սահմանափակումները հանված են, և փաստացի իշխանությունները չեն թաքցնում, որ այն չեն վերացնում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն չկարողանան հայտնել: Գևորգ Բաղդասարյանի հետ բանավեճի էությունն այն էր, որ ես ուղղակիորեն գտնում եմ՝ եթե նա անկեղծ էր իր խոսքերում, երբ ասում էր՝ Շուշին ազատագրելու համար ոչ ոք դատարանում նստած չէ, ապա նույն անկեղծությամբ պետք է նաև պատասխանի՝ իսկ Շուշին հանձնելու համար մարդիկ ինչո՞ւ նստած չեն»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Ըստ նրա՝ պարզ է, որ Գևորգ Բաղդասարյանը չէ գնացել ու հանձնել Շուշին, ու այն հանձնելու ողջ պատասխանատվությունը քաղաքական իշխանություններինն է, և այդտեղ 2-րդ կարծիք չկա:

«Այստեղ խնդիրն այն է, որ Բաղդասարյանը վերածվել է գործիքի Շուշին հանձնողների մոտ: Դրանով արդյո՞ք չի ստացվում իր առնչությունն այդ պրոցեսին, որովհետև պարզ է, չէ՞, ինչի՞ էին Ռոբերտ Քոչարյանին այդքան հեշտ կալանավորում ու այդքան երկար պահում: Ինչո՞ւ, մենք մոռանո՞ւմ ենք՝ ինչպես էր Գևորգ Բաղդասարյանն այդպես ջանասիրաբար ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանավորված: Բա երբ մենք ասում էինք, որ այս ամբողջը քաղաքական գործ է, որն ունի թաքնված օրակարգ, սրա մասին էինք ասում: Որովհետև մայիսի 8-ին նիստ նշանակելն ու այդ օրը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարց քննելն ընդունելի ու ցանկալի էր միայն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց փաստաբանը:

Նրա դիտարկմամբ՝ այն, որ Գևորգ Բաղդասարյանի մոտ նման արձագանք եղավ, այսինքն՝ իր համար դա վիրավորական էր, ինքը դա որոշակիորեն դրական է համարում:

«Ես հույս ունեմ, որ Գևորգ Բաղդասարյանն այս պահը կօգտագործի ու իր մեջ որոշ բաներ կվերաիմաստավորի: Ամեն դեպքում Գևորգ Բաղդասարյանը դատական նիստի ժամանակ նշում էր, որ ստացել է պետական պարգև Սերժ Սարգսյանի կողմից, և իր աշխատանքային գործունեության համար դա շատ կարևոր է եղել: Մենք որոշակի հանգամանքների շուրջ նաև առանձին ենք զրուցել, և կարող եմ ասել՝ որոշ հարցերի վերաբերյալ նույնիսկ ունեցել ենք միասնական պատկերացում: Ես հիմա փակագծերը չեմ բացի: Ես իսկապես կցանկանայի, որ մենք ունենայինք իրավիճակի իրական փոփոխություն, և Շուշի հանձնողները գոնե հարցաքննվեին»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս