![](/banners/BeFunky-design.jpg)
Նոնսենս է, պետական համակարգում նման բան երբեք չի եղել. Քարտեզագիրը՝ իր հարցի ու կառավարությունից ստացած պատասխանի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/քարտ.jpg)
Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը տարեվերջին գրություն էր ուղարկել Կառավարություն՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, ինչ-որ հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Նաև հարցման մեջ եղել է, թե ո՞ր թվականի քարտեզով է իրականացվելու սահմանազատումը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին էլ բաց նամակ էր հղել ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին՝ նշելով, որ մտահոգված է այս պահին Արցախի սահմանների որոշման գործընթացներով։ Նա անհրաժեշտ է համարել այս աշխատանքներում գեոդեզիստների, քարտեզագիրների և այլ մասնագետների ներգրավումը՝ կարևորելով սահմանազատումից առաջ ուսումնասիրելը նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային և այլ տիպի տվյալները, որոշելը, թե որ կոորդինատային համակարգում են որոշվելու սահմանների կոորդինատները և ի՞նչ ճշտություն (թույլատրելի շեղում) են ունենալու, ի՞նչ սարքավորումներով, սկզբունքներով և մեթոդներով են իրականացվելու սահմանազատման (դեմարկացիայի) կամ անգամ ժամանակավոր սահմանների որոշումը։
Հունվարի 19-ին ստացել է իր նամակի պատասխանը՝ վարչապետի աշխատակազմից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Սակայն նա չի հասկանում՝ ինչի հիման վրա է վարչապետի աշխատակազմում աշխատող Ս․ Միքայելյանի կատարմամբ և Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի ստորագրությամբ գրությունը 14․01․2021թ. վերահասցեագրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որ պատասխանեն: Այստեղից էլ 19․01․2021թ. պատասխանել են, որ դիմումում բարձրացված հարցերը դուրս են նախարարության իրավասությունների շրջանակից:
168.am-ի հետ զրույցում Շահեն Շահինյանը հայտնեց, որ ինչ գնով էլ լինի՝ իր հարցերի մասին փորձելու է տեղեկացնել կառավարության վերին օղակներին:
«Ես հիմա մտածում եմ, թե ինչ կարելի է անել, որ այդ նամակը տեղ հասնի, որովհետև, ինչպես տեսա՝ այն հասել է նամակների վարչության պետի մակարդակի ու այնտեղից գնացել է: Դա ինձ համար նոնսենս է: Պետական համակարգում նման բան երբեք չի եղել, որ նամակով դիմես մի կառույցի, որն էլ իր հերթին՝ փոխանցի այլ կառույցի, վերջինն էլ պատասխանի՝ դա մեր գործը չէ: Ես լավ գիտեմ, որ իրենց գործը չէ, դրա համար էլ իրենց չէի ուղարկել»,- նշեց Շահեն Շահինյանը:
Քարտեզագիրը շեշտեց՝ դիմել է վարչապետին, քանի որ նա՝ իր հիշելով, 5 թե 7 անգամ լրատվամիջոցներում հայտարարել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվելու, և խնդրել է տրամադրել տվյալներ, որպեսզի ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, կարողանա տեսնել՝ ո՞րն է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը: